կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 17:40
Մշակույթ

Յուրաքանչյուր ոք արժանի է, որ գրվի իր կյանքի պատմությունը. լույս է տեսել Ծովինար Խաչատրյանի «Հայուհին» գիրքը

Յուրաքանչյուր ոք արժանի է, որ գրվի իր կյանքի պատմությունը. լույս է տեսել Ծովինար Խաչատրյանի «Հայուհին» գիրքը

Ամեն մարդ եզակի է, չկա անհետաքրքիր ապրած կյանք: Յուրաքանչյուր ոք արժանի է, որ գրվի իր կյանքի պատմությունը: Միայն դա է մնում մարդուց հետո. ՀՕՄ-ի անդամ Ծովինար Խաչատրյանի «Հայուհի» գրքի առաջաբանն այսպես է սկսվում ու ավարտվում հեղինակի «խոստովանությամբ», թե` գրում է, որովհետև շատ է սիրում գրել, չգրել չի կարող:

Այսօր Համազգային հայ կրթական և մշակութային միությունում տեղի ունեցավ Ծովինար Խաչատրյանի «Հայուհի» գրքի շնորհանդեսը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԳ ԳՄ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ այս գրքի համն ու հոտը հիշողությունն է` կորցրած հայրենիքի հիշողությունը, ինչպես նաև մեծ հույսը, որ հայրենիքը պետք է հետ վերադարձվի: Նրա խոսքով` եթե այդ հիշողությունը չլինի, կորուստներն անհետևանք կդառնան: «Ցանկացած  մարդու հիշողությունը երբ գիրք է դառնում, այդ հիշողությունն արդեն իրենը չէ: Այս գրքի շնորհանդեսի նպատակն էլ դա էր, որ այն դառնա բոլորինս: Գիրքը եկել է մեկ անգամ ևս մեզ հուշելու, որ ոչինչ կյանքում անհետևանք չէր` ոչ ապրած օրը, տարին, դարը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր այն ժամանակաշրջանին, երբ մեծ խարխափումների մեջ էինք: Այսօր հիշողությունը կորցնելու վտանգը շատ մեծ է, ես առանց չափազանցնելու եմ ասում, քանի որ երբ նայում ենք` մեր չորս կողմն ինչ է կատարվում, եթե այդ ուժը չկա քո մեջ, դու տրվում ես հոսանքին: Այս գիրքն այդ խարխափումը կանխելու, խարխափումից քեզ հետ պահելու համար է»,- ասաց նա:

Հարցին, թե ընթերցողը հայուհու ի՞նչ կերպար է բացահայտելու իր համար, Ղարաբաղցյանը պատասխանեց, որ հայուհին ինքն արդեն ֆենոմեն է: «Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ հետ վարվեն` ինչպես ավանդույթ չունեցող ժողովրդի հետ, այսինքն` եվրոպաների, սորոսականների քաշած գիծը մեզ համար չէ: Մենք այդ գիծը վաղուց անցել ենք` այս գրքի հերոսուհիները հենց նրանք են: Տարիների` գենետիկորեն փոխանցումը նաև հիշողության, ավանդույթի, այս պատմությունների ճանապարհով է գնում, և հենց այս պատմություններն են, որ օժիտի պես յուրաքանչյուր աղջկա պետք է փոխանցեն: Հայ աղջկա համար ամենամեծ օժիտը հիշողությունն է, հայ տղամարդու ամենամեծ զենքը դարձյալ հիշողությունն է: Այսինքն` սրանք բաներ են, որ չի կարելի կորցնել»,- ասաց նա:

Համազգային հայ կրթական և մշակութային միության  աշխատակից Մարի Մարտխանյանի խոսքով էլ` ինքը հեղինակին ու նրա գրչին ծանոթացել է բոլորովին վերջերս` 10 օր առաջ: Մարտխանյանը նշեց, որ ինքը բանասեր չէ, սովորոկան ընթերցասեր է և գրքի մասին կարծիք է հայտնելու որպես ընթերցող: «Գիրքն իմ հետաքրքրությունն արթնացրեց: Հեղինակը գիրքը գրել է իրական մարդկանց, իրական կյանքի մասին: Առաջին կտորը թոռնիկի հետ մենախոսությունն է, և ամբողջ իր կյանքը, գյուղն է ներկայացնում, այդ գյուղի միջոցով էլ ամբողջ տիեզերքն է ուզում ներկայացնել: Այս գրքի հերոսները կանայք են, հայուհիներ` բոլորիս պես, որոնք իրական, ապրող մարդիկ են` իրենց առօրյայով, տագնապներով, ապրած և չապրած երազներով, թաքուն հույզերով: Հեղինակը ծննդավայր գյուղի սերն ու կյանքն է ընթերցողին փոխանցում»,- ասաց նա` հավելելով, որ գրքի լեզուն սահուն է, այնքան սահուն, որ սահմռկեցնող տեսարանները մինչև ողնաշարը հասնելու կարողություն ունեն:

Գրքի հեղինակի խոսքով` ամեն ինչ սկսվել է Շուշիից, քանի որ ծնողները ծանոթացել են այնտեղ, միասին սովորել Շուշիում: «Մայրս եղել է իմ առաջին ուսուցչուհին, հայրս` գրականության ուսուցիչը: Երբ հետադարձ հայացքով նայում եմ, տեսնում եմ, որ կարծես յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում կրկնում է ամբողջ մարդկության պատմությունը` սկսած Ադամից: Երբ դեռ անգետ ենք, դրախտում ենք, երբ գալիս է իմաստությունը, գիտությունը, տառապանքն ավելանում է: Դպրոցն ավարտելուց հետո ես 3 տարի սովորեցի Բաքվի հայկական դպրոցում: Մեր դպրոցում միշտ հանդիպումներ էին լինում այդ ժամանակվա գրողների հետ, և հենց այդ տարիներին էլ ոգևորվեցի ու գրեցի առաջին պատմվածքս, որը տպագրվեց «Գրական Ադրբեջան» ամսագրում»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Նա հիշեց, որ հետո հանկարծ եղել է մի պահ, երբ իր մեջ գրելու ցանկությունը կարծես ուզում էր պայթել, դա Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերն էին:

«Հայուհին» Խաչատրյանի առաջին գիրքը չէ. առաջին` «Սեյսուլան» գիրքը, գրողի խոսքով,  տուրք էր իմ ծննդավայրին, քանի որ կուտակվածն ափերից դուրս էր գալիս: «Քանի որ ես ո'չ Թումանյան էի, ո'չ Մաթևոսյան, իմ մեջ զսպում էի գրելու ցանկությունը, քանի որ մտածում էի, որ պետք է անպայման հանճարեղ լինես, որ գրես: Բայց հետո մտածեցի, թե` ոչինչ, ես էլ թող գրեմ իմ շրջապատի, իմ ճանաչած մարդկանց մասին, որոնց մասին ուրիշները չեն գրում: Ես ինձ ո'չ գրող եմ համարում, ո'չ էլ տաղանդավոր, ում կհետաքրքրի, թող կարդան, ում` ոչ, կարող են չկարդալ»,- ասաց հեղինակը:

Նշենք, որ «Հայուհին» գիրքն ամփոփում է հեղինակի վերջին տարիների արձակ և դրամատուրգիական ստեղծագործությունները: Դրանց հիմնական թեման Արցախն է, ազատագրական պայքարը, հետպատերազմյան իրականությունը: Հեղինակը մտադրություն ունի գրքի վաճառքից գոյացած հասույթի մի մասը տրամադրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: