կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-24 19:00
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրեն հարգող յուրաքանչյուր ազգ իր մշակույթը պիտի ճանաչի․ լույս է տեսել «Հայ ազգային ավանդական տոներ» գիրքը

Մաշտոցի 4 հասցեում գտնվող կամարուղիում այսօր արտասովոր եռուզեռ էր՝ «Նուբար» ազգագրական երգերի համույթի հայկական ավանդական երգերի հնչյուններն անցորդներին ինքնաբերաբար բերում էին վերոնշյալ վայրը։ Սակայն պատճառը ոչ թե ազգագրական երգերի համերգն էր, այլ «Հայ ազգային ավանդական տոներ» գրքի շնորհանդեսը։

«Այս դալանում գրքի շնորհանդեսն ինքնանպատակ չէ»,- ներկաներին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանն ու հիմնավորեց. «Սա եւս մշակույթի ու ժառանգության մի հատված է։ Կոչ ենք անում, որ բոլոր կամարուղիները հնարավոր լինի մաքուր պահպանել եւ այլ նպատակների համար չօգտագործել։ Հենց այդ նպատակով էլ փորձեցինք մշակութային այս իրադարձությունն անել այս հատվածում եւ ուզում ենք, որ այս օրինակը վարակիչ լինի բոլորի համար»։

«Հայ ազգային ավանդական տոներ» գրքի լույսընծայումը նախաձեռնել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

«Վերջին շրջանում շատ է  խոսվում երիտասարդների՝ ազգային արմատներից հեռանալու մասին, բայց պետք է ասել, որ երիտասարդները շատ մեծ հետաքրքրությամբ կազմակերպեցին այս գործը։ Հենց իրենք ուսումնասիրեցին, հավաքեցին հետաքրքիր նյութեր, որոնք վերաբերում են և՛ ծեսերին, և՛, մասնավորապես, ազգային ուտեստներին, հագուկապին՝ տարազին, տարբեր տոների ժամանակ երգ ու պարին, երաժշտությանը։ Այդ ամբողջը համապատասխան հղումներով ամփոփված է գրքույկ-ուղեցույցում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ նախաձեռնողների՝ գիրքը յուրահատուկ ուղեցույց է ոչ միայն Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայ երիտասարդների համար, այլ նաեւ այն անհատների, որոնք որոշակի ներդրում են ուզում ունենալ հայապահպանության գործում։

«Մինչ գրքի լույսընծայումը էլեկտրոնային տարբերակով այն արդեն հասանելի էր, և հենց առաջին արձագանքն էլ ստացել ենք Սփյուռքից. այնտեղ արդեն օգտվում են այս ուղեցույցից և կազմակերպում մեր ազգային ավանդական տոները՝ հավատարիմ մնալով արմատներին, որոնք շատ ժամանակ խեղաթյուրվում են։ Գիրքը կտրամադրենք բոլոր գրադարաններին, հետաքրքվողներին, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել տպագիր տարբերակը։ Իսկ էլեկտրոնային տարբերակը, որը գլուխներով բաժանված է՝ ըստ տոների, հասանելի է Երիտասարդական ակումբների դաշնության կայքում»,- ասաց Ա․ Մխիթարյանն ու շեշտեց, որ գրքի վրա աշխատել են ակտիվ երիտասարդներ՝ Երևանից եւ մարզերից։

Մինչ ընթերցողի սեղանին հայտնվելը՝ «Հայ ազգային ավանդական տոներ» գիրք մասնագիտական խմբագրում է անցել «Նուբար» ազգագրական երգերի համույթի ղեկավար Լուսինե Նազարյանի կողմից։

«Գիրքը հասցեագրված է բոլորին, ում հետաքրքիր են ազգային տոները, ովքեր ուզում են կարճ ճանապարհով փոքրիշատե գիտելիք ձեռք բերել այս ամենի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց «Նուբար» ազգագրական երգերի համույթի ղեկավարը։

Չհամաձայնելով մտքին, թե ավանդականն ու ազգայինն այսօր չեն հետաքրքրում երիտասարդներին, նա ընդգծեց. «Պարզապես հանրությունը շատ բաներից տեղյակ չէ։ Երբ հանրությանը ծանոթացնում ես, ցույց ես տալիս ավանդական մշակույթի մի փոքրիկ դրվագ, ասում են՝ վա՜յ, մենք չգիտեինք, ինչ հաճելի է, ինչ անուշն է։ Գրքի միջոցով մենք ներկայացնում ենք այդ ամենը, թող մարդիկ որոշեն՝ կսիրե՞ն, թե՞ չեն սիրի, կընդունե՞ն, թե՞ ոչ։ Եվ հաջորդ անգամ, եթե որևէ՝ ավանդական մշակույթ ներկայացնող խմբի համերգին կլինեն, անհասկացողի դեմքով չեն նայի, կիմանան, թե ինչի մասին է խոսքը»։

Ըստ Լուսինե Նազարյանի՝ ազգային մշակույթի իրազեկման խնդիր մենք միշտ ունենք: «Մենք գիտելիքի պակաս ունենք։ Իմ շատ սիրելի Արուսյակ Սահակյանը միշտ ասում էր՝ վերադարձրեք ազգին հիշողությունը, և ազգը կվերագտնի իրեն։ Այս գրքույկը պարունակում է մեր գենետիկ հիշողության ինչ-որ մի հատված։ Ի վերջո, ազգային մշակույթը ժամանակավոր, անցողիկ երեւույթ չէ, սա ժամանակի մեջ բյուրեղացած, ժամանակի փորձությունով անցած երեւույթ է, որը չի մոռացվելու։ Իրեն հարգող յուրաքանչյուր ժողովուրդ, ազգ իր մշակույթը պիտի ճանաչի ու ներկայացնի հավուր պատշաճի։ Այնպես որ՝ ճանաչե՛նք մեզ, ճանաչե՛նք մեր արմատները, իմանանք՝ որտեղից  ենք գալիս եւ ուր գնում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Եղիազարյան