կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 17:59
Տնտեսական

Կառավարությունը մեկ տարով հետաձգում է ևս մեկ կարևոր բարեփոխում կենսաթոշակային ոլորտում

Կառավարությունը մեկ տարով հետաձգում է ևս մեկ կարևոր բարեփոխում կենսաթոշակային ոլորտում

Այսօրվա նիստում կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովի նախագահին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված կլինի ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նախագծով Կառավարությունը առաջարկում է մեկ տարով հետաձգել աշխատանքային գրքույկների թվայնացումը: Փաստորեն, երկու տարին չի բավարարել պետական պատկան մարմնին՝ այս կարևոր գործառույթն իրականացնելու համար, իսկ ավարտին հասցնելու համար էլ պետք է ևս մեկ տարի սպասել:Այս խնդրի կարևորության և հրատապության մասին խոսվել է բազմիցս:

Նախ՝ պետք է նշել, որ առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար կլինի վերացնել կեղծ աշխատանքային ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան, որն, ի դեպ, շարունակվում է նաև այսօր: Ընդ որում՝ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը՝ կենսաթոշակային ոլորտում կոռուպցիա ծնող այս արատավոր երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել:

Ակնհայտ է նաև, որ այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում, որի առանցքը հենց աշխատանքային գրքույկների թվայնացումը պետք է լիներ: Մեկ անգամ և ամբողջապես թվայնացնելով աշխատանքային գրքույկները հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ կեղծ աշխատանքային ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Այսքանով արդեն իսկ պարզ են դառնում աշխատանքային գրքույկների թվայնացման կարևորությունը և հրատապությունը, ինչը պետք է կատարեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Եվ բնականաբար, խիստ մտահոգիչ է կառավարության կողմից աշխատանքային գրքույկների թվայնացման հետաձգումը, այն պարագայում, երբ դրա նախապատրաստման և իրականացման համար կար լիարժեք բավարար ժամանակ՝ օրենքով այս պահանջի սահմանումից անցել է երեք տարուց ավելի:

Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնցով նախատեսված էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների համար դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառման պարտադիր պահանջը:

Այս փոփոխություններով նախատեսված էր նաև՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման ընթացակարգը սահմանվել է կառավարության որոշմամբ՝ 2016 թվականի օգոստոսին:

Խոսքը վերաբերում է շուրջ 550 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին Սոցիալական ապահովության պետական ծառայություն, իսկ վերջինս էլ, ընդամենը, պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Նշենք նաև, որ Սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոններ՝ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավելի ժամանակ, որից մեկ տարին պետք է լիներ նախապատրաստական, իսկ երկու տարին իրականացման ժամանակահատված:

Իրականում պարզ է դառնում, որ պատասխանատու պետական մարմինը չի հասցրել իրականացնել օրենքով և կառավարության որոշմամբ իրեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց խիստ անհրաժեշտությունը նոր կառավարության հռչակած սոցիալական ոլորտի բարեփոխումների հիմնական սկզբունքների համատեքստում, կա՛մ իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու հետեւանքում:

Ամեն դեպքում, կարծում ենք, որ այսպիսի գործելաոճը սկզբունքորեն հակասում է Նոր Հայաստանում իշխանությունների հանդեպ հանրության մեջ ձևավորված դրական սպասումներին:

Փաստորեն, նորից ստացվում է, որ կենսաթոշակային ոլորտում համակարգային բարեփոխման կարևոր մաս կազմող գորցընթացներն անընդունելի հիմնավորումներով հետաձգվում են: Այնինչ, գոնե նոր իրողություններով պայմանավորված, կարելի էր օբյեկտիվորեն ենթադրել, որ դրանք պետք է կյանքի կոչվեին նույնիսկ ժամկետից շուտ, այլ ոչ թե մեկ տարի հետաձգումով:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ