Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն քաղաքական ուժերը, որոնք կսպասարկեն ժողովրդի շահը և կոնկրետ այս ժամանակահատվածի սպասելիքները, բնականաբար, ավելի մեծ քվեներ կունենան և կկարողանան իրենց հետագա գործունեությունը խորհրդարանում կազմակերպել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Խոսելով ԲՀԿ-ի շանսերի մասին` պատգամավորն ասաց, որ քաղաքագիտական առումով ընտրություններից առաջ գուշակություն անել որևէ քաղաքական ուժի տեղի, դերի մասին նոնսենս է: «Դա ժողովուրդը պետք է որոշի: Ժողովուրդն իր քվեով կհաստատի յուրաքանչյուր քաղաքական ուժի տեղը: Ժամանակից առաջ ընկնել և հայտարարել, որ մենք լավագույն ընդդիմությունը կլինենք, կամ երկրորդ տեղը կլինենք, դա իսկապես լուրջ չէ»,- ասաց Բագրատյանը:
Yerkir.am-ի հարցին` կարծում է, թե արդեն պարզ չէ՞, որ հետհեղափոխական ազդեցությունը վճռորոշ դեր կկատարի, և ուժերից մեկը կստանա 80%, գուցե` ավելի ձայն, նա պատասխանեց. «Բնականաբար, հեղափոխական ոգևորվածությունը դեռևս կա ժողովորդի մեջ, բայց պետք է նաև հասկանալ, որ վերջին շրջանում ավելի ակտիվ են սոցիալական խնդիրներ բարձրացվում: Օրինակ` հանքարդյունաբերության հետ կապված մի քանի խնդիրներ ունեցանք, մարդկանց թոշակների, աշխատավարձերի բարձրացման հետ կապված խնդիրներ կան: Այսինքն` աստիճանաբար հանրային պահանջները փոխվում են: Սպասել, որ միշտ նույն ոգևորվածությունը կլինի, ճիշտ չէ: Կարծում եմ, որ աստիճանաբար ոգևորվածությունը զիջում է սառը դատողությանը, և քաղաքական ներկապնակում բազմակարծությունը պետք է ապահովել ամեն գնով: Դա առավել կարևոր է մեր հանրային կյանքում, որովհետև, առանց լուրջ բանավեճերի, առանց հակադարձությունների, լավագույն օրենքները չեն ստեղծվում և լավագույն որոշումները չեն ընդունվում, պետք է սա հաշվի առնել: Աշխարհում չկա նման բան, որ որևէ քաղաքական ուժ, լինելով բացարձակ մեծամասնություն, կարողանա իսկապես վճռորոշ պահերին ճիշտ որոշումն ընդունել, դա դժվարագույն խնդիր է»:
Բագրատյանի խոսքով` եթե ոգևորվածությունը Երևանի ավագանու ընտրություններում 90% էր, այս պահին ոգևորվածության դերը 70%-ի է մոտենում: «Այսինքն` մարդիկ, որոնք այս վեց ամսվա ընթացքում կարծում էին, որ հրաշքներ պետք է անմիջապես լինեն, սկսել են ինչ-որ չափով ավելի սառը դատել, մտածել վաղվա համար: Շատ խնդիրներ կան, որ երկար չեն կարող սպասեցնել տալ, հատկապես` երիտասարդության շրջանում և մայրաքաղաքում, այդ սպասելիքները բավականին բարձր են, և նրանք ավելի անհամբեր են»,- նշեց նա:
Yerkir.am-ի այն հարցին էլ` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սև ու սպիտակի պայքար չի՞ լինի, Բագրատյանն արձագանքեց. «Սև ու սպիտակի գաղափարախոսությունն ու տրամադրությունը պետք է չստեղծել, թույլ չտալ այն պարզ պատճառով, որ դա կբերի ոչ քաղաքական պայքարի: Դա կբերի զուտ այսրոպեական խնդիրների լուծման, որը հետագայում մեզ կարող է դառնություն պատճառել: Ի վերջո, կայացած քաղաքական ուժեր ու գործիչներ կան, որոնք ասելիք ունեն և' տնտեսական դաշտում, և' հանրային կյանքում, և' մնացած բոլոր ոլորտներում: Այսինքն` միայն սև-սպիտակն իսկապես դժվար կլինի մեզ համար` հանրության և պետության գերխնդիրներ լուծելու իմաստով»:
Բագրատյանը հավելեց, որ այս պահին ԲՀԿ-ում հետագա կոալիցիաների կազմման հարց չի քննարկում, պետք է սպասել արդյունքներին: