կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 12:00
Հասարակություն

Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, թե ճուտ կհանի. Սերգեյ Բագրատյան

Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, թե ճուտ կհանի. Սերգեյ Բագրատյան

Խորհրդարանում այսօր շարունակվում են աշխատանքները. օրակարգում է Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Կենտրոնական բանկի նախագահը ներկա չէր:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ ղեկավարությանը, հարցրեց. «Ո՞ւր է Կենտրոնական բանկի նախագահը, որիմ զեկույցի վերաբերյալ ելույթներ են լինելու: Ես կարծում եմ՝ սա Ազգային ժողովի նկատմամբ արհամարհանք է և անհարգալից վերաբերմունք: Եվ կարծում եմ՝ դուք պետք է ապահովեք նրա ներկայությունը»:

Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Մարուքյանի ասածն ընդունելի է: «Բայց պետք չէ այդքան ծայրահեղացնել»,- հավելեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանը ևս համամիտ էր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց. «Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2019թ. սպասվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս. տնտեսությունից ինչպե՞ս զարգացում ակնկալել, եթե տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, արդյո՞ք ներքին ռեզերվները ճիշտ են օգտագործվում: Նախկին բանկային կապիտալը ստեղծվել է նախկին պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով, և այդ կապիտալը չունի տնտեսության մեջ ներդրվելու ազդակ»:

Բագրատյանի խոսքով`վարչապետին զեկուցել են, թե 130 հազար քաղաքացի այլևս սև ցուցակում չէ: «Այստեղ խաբեություն կա, ներկայացված չէ ճիշտ թիվը. 130 հազարի տեղը չենք գտնում: Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, թե ճուտ կհանի: Այդ ոսկե ձվերը նեխելու են՝ ճուտ չեն հանելու, որովհետև այդ կապիտալը չի աշխատելու և դատապարտված է վերադարձվելու նրանց, ումից խլվել է»:

Պատգամավորի խոսքով՝ ԿԲ-ն աշխատում է լոմբարդային տրամաբանությամբ, և տնտեսությունը չի զարգանալու: Նա առաջարկեց բանկային համակարգում գնալ ռեֆորմների, ոչ թե գնաճը զսպել:

«Կա՛մ ԿԲ-ն ժողովրդին կտանի բանկ, կա՛մ ժողովուրդը նրանց կուղեկցի բանտ. ընտրությունը Կենտրոնական բանկինն է կամ բանկային համակարգինը»,- ելույթը եզրափակեց Սերգեյ Բագրատյանը: