կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 16:13
Քաղաքական

Ի դեմս «Սասնա ծռերի»` կունենանք քաղաքական լուրջ կառույց. Սերգեյ Բագրատյան

Ի դեմս «Սասնա ծռերի»` կունենանք քաղաքական լուրջ կառույց. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է համարում խորհրդարանն առանց ՀՀԿ-ի: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Շատ լավ եմ պատկերացնում խորհրդարանն առանց Հանրապետական կուսակցության: Հնարավոր է, որ ընդդիմությունը, ի դեմս Հանրապետական կուսակցության, չկարողանա հաղթահարել անցողիկ շեմը, չի բացառվում»,- նշեց նա:

Պատգամավորի կարծիքով` խորհրդարանական ընդդիմադիր ուժերի շատ թեկնածուներ կան: «Սուրբ տեղը դատարկ չի մնա»,- ասաց նա:

Ըստ Բագրատյանի` նոր ուժերն ակտիվորեն կներգրավվեն արտահերթ ընտրություններում: «Ի դեմս «Սասնա ծռերի»` կունենանք քաղաքական լուրջ կառույց: «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը ակտիվ կմասնակցեն ընտրություններին: Այս անգամ գաղափարական մրցակցություն է լինելու, այլևս ֆինանսնական մրցակցությունը բացառվում է: Ովքեր ծրագրային հնարավորություններ ունեն, նաև այնպիսի հռետորներ, որ կարող են իսկապես ներկայացնել հանրությանը ծրագրեր, որոնք կլինեն առողջ, տրամադրված և զարգացմանը միտված, այդ ուժերը կունենան խորհրդարան անցնելու ռեալ շանս»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին` «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո իրեն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտում է տեսնում, Բագրատյանը պատասխանեց. «Դա որևէ մեկը չի կարող ասել, դա ժամանակը ցույց կտա, պայքարի տրամաբանությունը ցույց կտա: Վստահ ասել որևէ մեկը չի կարող»: