կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 15:45
Քաղաքական

Զինվորականների քվեարկելը լուրջ խնդիր է, ժամանակին ընտրակեղծիքների մեծ մասն է կազմել. Սերգեյ Բագրատյան

Զինվորականների քվեարկելը լուրջ խնդիր է, ժամանակին ընտրակեղծիքների մեծ մասն է կազմել. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բոլոր առաջարկությունները, որոնք խմբակցությունները ժամանակի ընթացքում առաջ են քաշել, պետք է վերլուծվեն, քննարկվեն, առաջարկություններ ներկայացվեն, և կառավարության ներկայացուցիչը պետք է մասնակցի քննարկումներին: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մեր բոլոր առաջարկները կներկայացնենք, կքննարկենք, կգանք կոնսենսուսի: Այն փոփոխությունները, որոնք ընդունելի կլինեն բոլոր խմբակցությունների համար, դրա շուրջ կծավալվեն քննարկումները։ Այս պահին, իհարկե, համար մեկը, որ բոլորիս համար քննարկման ենթակա է, ռեյտինգային ընտրակարգն է»,- ասաց նա։

Բագրատյանը նշեց, որ իրենք կողմնակից են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն միևնույն ժամանակ ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն էլ է համարվում համամասնականի մի տարբերակը: «Ուստի խոսքը չպետք է գնա համամասնականից մեծամասնական կամ ընդհակառակը ընտրակարգերի փոփոխության մասին, այլ պետք է գնա, որ համամասնականը միայն կուսակցությունների քվեարկության ռեժիմով անցնի, չլինեն մեծամասնական թեկնածուներ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ հնարավոր է քննարկվի նաև ամբողջ հանրապետության տարածքը մեկ ընտրատարածք դիտարկելու տարբերակը:

Նա տեղեկացրեց, որ քննարկման են դրվել կրկնաքվեարկությունները բացառելու տարբերակներ: «Կարող է կիրառվի սփրեյ մեթոդը, այսինքն` ընտրողը թանաքոտի մատները` 12 ժամ չի ջնջվի մատնահետքը, և տվյալ անձը երկրորդ անգամ չի կարողանա քվեարկել: Սա նույպես քննարկման առարկա է: Ինչպես գիտեք ակտիվ և պասիվ ընտրական ցուցակների խնդիր ենք դրել, որը քննարկման առարկա է: Հանրապետությունում առկա փաստացի ընտրողների թիվը պետք է ֆիքսվի ակտիվ ցուցակներում: Պասիվ ցուցակում պետք է լինեն այն ընտրողները, ովքեր այս պահին չեն գտնվում հանրապետությունում: Եթե տվյալ մարդիկ հանրապետություն կտեղափոխվեն ընտրությանը մասնակցելու նպատակով, դա կարձանագրվի սահմանային անցակետերում, այդ կերպ հնարավոր կլինի հստակ բացառել այդ մարդկանց փոխարեն քվեարկելու պրակտիկան»,- բացատրեց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը` զինվորականների քվեարկության հարցը քննարկվում է, քանի որ նրանք համարվում են իշխանության քվեն, պատգամավորն ասաց. «Առաջարկ կա, որ հրամանատարները չկարողանան մոտենալ քվեախցիկներին 50 կամ 100 մետրից ավելի, որպեսզի զինվորներն առանց հրամանատարի ուղեկցության մասնակցեն քվեարկությանը: Պետք է գտնել հնարավորություն, որպեսզի նախ` չոտնահարվի զինվորի իրավունքը, և երկրորդ` թույլ չտալ նախկինի պես հրամանով քվեարկություններ իրականացնել»:

Հարցին` զինվորի` քվեարկությանը չմասնակցելու հարցը չի՞ դրվում, Բագրատյանը պատասխանեց, որ իրավունքի ոտնահարման խնդիր կա: «Մենք պետք է փորձենք գտնել լավագույն լուծումը: Քննարկման արդյունքում մյուս երկրների փորձն էլ կուսումնասիրենք: Դա մեծ խնդիր է, ժամանակին ընտրակեղծիքների մեծ մասն է կազմել»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին` ծանո՞թ են այլ կուսակցությունների առաջարկներին, և արդյո՞ք կան ընդունելի առաջարկներ իրենց համար, պատգամավորը պատասխանեց. «Մոտավորապես ծանոթ եմ: Գիտեք, որ Հանրապետական խմբակցությունը համամիտ չէր այն կարծիքին, որ պետք է քննարկվի վարկանիշային ընտրակարգը հանելու տարբերակը, բայց վերջին հանդիպման ժամանակ համաձայնեցին քննարկել բոլոր տարբերակները: Դա առաջընթաց է»: