Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշումը փաստի առջև կանգնեցրեց գործարանի 650 աշխատողներին, նրանք գործազուրկ կդառնան. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:
«Եթե հաշվի առնենք Թեղուտի հանքավայրի 1200 աշխատակիցների աշխատանքի լուծարումը, ստացվում է, որ Ալավերդիում 1800-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, հետևաբար` զրկվել իրենց ընտանիքները պահելու միջոցներից: Շատ լուրջ խնդիր է առաջանում ամբողջ Ալավերդու տարածքում: Տարբեր քննարկումների ժամանակ ինձ մոտ կարծիք են հնչեցրել, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակման մեջ վճռորոշ դեր է ունեցել նաև կառավարության պահանջը` ապահովել բնապահպանական նորմերը: Ղեկավարությունը տեղեկացրել է, որ պատրաստ չեն կարճ ժամանակում ապահովել այդ բնապահպանական նորմերը, և դա վճռորոշ դեր է ունեցել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը»,- հարցրեց պատգամավորը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ պատգամավորի հնչեցրած պնդումներում որոշ չափով կային բացթողումներ, որովհետև պղնձաձուլարանը փակելու վերջնական որոշում չկա: «Այս պահի դրությամբ հարցը քննարկվում է և' Ալավերդու պղնձաձուլարանի ներկայացուցիչների, և' Թեղուտի ներկայացուցիչների, և' ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ: Այստեղ կոմպլեքս և ընդհանուր խնդիր է: Թեղուտի հետ կապված բանակցություններում կառավարությունը ակտիվ դեր է ստանձնել, իսկ պղնձաձուլարանի հետ կապված` չենք կարող նայել միայն աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև պղնձաձուլարանը ոչ միայն միջազգային, այլ նաև տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը, և այն վաղ թե ուշ փակվելու է»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց, որ պղնձաձուլարանի փակման հետ համատեղ նախատեսվում են ներդրումային ծրագրեր հենց նույն Ալավերդիում: «Այս պահին քննարկվում է շատ մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցում, որը տարեկան մոտ 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու վերամշակել: Այս պահի դրությամբ փակման վերջնական որոշում չկա, ինչպես նաև կառավարության կողմից չկա նման պարտադրանք, կան բանակցություններ: Ես վստահեցնում եմ, որ այդ բանակցությունները կգան որոշակի հանգուցալուծման և կբերեն տրամաբանական լուծումներ»,- ասաց Ավինյանը:
Կյուրեղյանն արձագանքեց, որ այս պատասխանը գոնե հուսադրող է և հետաքրքրվեց. «Եթե հանքերը շահագործումից դուրս են գալիս, ստացվում է` ունենք բաց հանքեր: Արդյո՞ք այդ բաց հանքերը բնապահպանական վտանգ չեն ներկայացնում, և ովքե՞ր պետք է, ի վերջո այդ, վտանգների դեմն առնեն ու ի՞նչ միջոցներով: Եթե կառավարությունը, ինչո՞ւ այդ միջոցները, որոնք պետք է օգտագործվեն բաց հանքների վտանգները չեզոքացնելու համար, չեն օգտագործվում այսօր բնապահպանական նորմերն ապահովելու համար»:
Ավինյանը պատասխանեց, որ եթե բոլոր բաց հանքերի մասին է խոսքը, բնապահպանության նախարարությունն աննախադեպ ջանքով ռեկուլտիվացիոն ծրագրեր է շուտով իրականացնելու: «Այդ ծրագրերն այս պահին նախագծման և գնահատման փուլում են: Ես կարծում եմ, որ 2019-ին մեծ թվով բաց հանքերի ռեկուլտիվացիայի պրոցեսն արդեն կսկսվի: Ինչ վերաբերում է Թեղուտի հանքին, այդ հանքի ռեկուլտիվացիայի հարց չի քննարկվում: Քննարկվում է Թեղուտի հանքի վերաշահագործման հարց, նոր օպերատորի ներգրավման հարց, և այս հարցում նույնպես բանակցում ենք ռուսական մայր բանկի` ՎՏԲ-ի հետ, այդտեղ նույնպես կգտնվի նոր օպերատոր»,- հայտնեց նա: