Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12֊ին ՀՀ մշակույթի նախարարությունում էր՝ հայաստանյան գործընկերների հետ քննարկելու Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները:
«Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում ենք նոր քաղաքականություն մշակել, հատկապես գրադարանների ու թանգարանների ուղղությամբ: 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը: Այժմ քայլեր են իրականացվում Շուշիի պատմության թանգարանն առավել բարվոք տարածք տեղափոխելու ուղղությամբ: Ընդհանրապես, Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի: Այստեղ են գործում ՀՀ կենտրոնական բանկի Դրամի թանգարանը, Գորգերի մասնավոր հավաքածուների թանգարանը: Ի դեպ, Շուշիում է գտնվում նաև Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը»,- ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ու նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի հետ հանդիպմանն ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մշակույթի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, թերևս, հուշարձանների պահպանության ոլորտում են. հուշարձանները շատ են, միջոցները՝ սուղ: Օժանդակության կարիք ունի Ստեփանակերտի թատրոնը:
Հայաստանյան գործընկերներից Արցախում ակնկալում են ակտիվ համագործակցություն՝ մասնավորապես հուշարձանների վերականգնման, մասնագետների վերապատրաստման, գրահրատարակչության, մշակութային կրթության ոլորտներում:
Թատրոնի շենքի վերանորոգման համար Լիլիթ Մակունցն առաջարկեց համատեղ նախաձեռնություն իրականացնել. դրամահավաք կամ մշակութային միջոցառում, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի թատրոնին: Ինչ վերաբերում է մասնագետների վերապատրաստմանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարն առաջարկեց՝ օգտվել Հայաստանում բացված հայ-իտալական տարածաշրջանային վերականգնողական կենտրոնի ընձեռած հնարավորություններից: Գրահրատարակչության ոլորտում ևս Հայաստանում պատրաստակամ են օգնելու արցախյան գործընկերներին:
«Մշակութային շփումները պետք է ակտիվացնել ամենատարբեր միջոցառումներով: Մենք ունենք շրջիկ կինոթատրոններ, որոնց միջոցով կարող ենք կինոցուցադրություններ կազմակերպել ինչպես Արցախի տարբեր շրջաններում, այնպես էլ զորամասերում: Հայաստանում շուտով կմեկնարկի «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը: Հետաքրքրության դեպքում՝ այս կամ այն ձևաչափով, ծրագիրը կարելի է տեղափոխել նաև Արցախ»,-ասաց Լիլիթ Մակունցը: Իսկ Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արցախում արդեն հետաքրքրված են Հայաստանում վերջերս ներդրված Դպրոցական աբոնեմենտային համակարգով:
Ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք հետևողականորեն կիրականացվեն։