Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի շարս այլ ամեակների, ազգովի նշեցինք Արցախեան Ազատամարտի 30ամեակը եւ շարունակում ենք անդրադառնալ մեր պատմութեան անկիւնադարձային այդ դրուագին: Երեք տասնամեակ առաջ Հայաստան աշխարհի Արցախ նահանգը կրկին յայտնուեց քաղաքական ու ռազմական իրադարձութիւնների կիզակէտում:
Անցեալում մեր հայրենիքի այս մասը, կենտրոն ունենալով Շուշին, միշտ էլ կարեւոր դեր է խաղացել ազգային-ազատագրական շարժումներում եւ մշակութային կեանքում:
Արցախեան լեռնաշղթայի նախալեռներին բազմած, Վարանդայի մելիքութեան տիրոյթ, անառիկ բերդաքաղաք Շուշին Արցախ աշխարհի մարգարիտն է: 1752թ. հիմնադրուած ամրոց-բնակավայրը 18րդ դարում եղել է ազատագրական պայքարի կենտրոն, վերակառուցուել եւ պարսպապատուել է հրամանատարներ Աւան հարիւրապետի եւ իր զինակիցների կողմից: Ապառաժէ անառիկ սարահարթին տարածուած բերդաքաղաքը, որի պարիսպներն առ այսօր կանգուն են, եղել է հայ իշխանների հենակէտ, բազմիցս ծառայել է որպէս պատսպարան թշնամիների յարձակումների եւ ռուս-պարսկական պատերազմների ժամանակ:
Շուշին, որպէս բնակավայր, 33 դարերի պատմութիւն ունի, որը ներկայացուած է քաղաքի Պատմութեան թանգարանում, որտեղ հանգրուանած շուրջ 5000 ցուցանմուշները լուսաբանում են ուշ բրոնզեդարեան եւ հելլենիստական ժամանակաշրջանի հնագիտական եւ քաղաքի հետագայ զարգացման առնչուող նիւթեր, ծառայելով նաեւ որպէս գիտական ուսումնասիրութիւնների նիւթ: 1790ական թթ. Շուշին դարձել է Անդրկովկասի քաղաքական եւ ռազմական կենտրոն, իսկ 19րդ դարի կէսերից արդէն արհեստագործական, առեւտրական եւ մշակութային կարեւոր կենտրոն, իր գրադարաններով, դպրոցներով, ճարտարապետութեամբ: Վերջինս ներկայացնում է ժողովրդական ճարտարապետութեան ինքնատիպ նմուշներ, որոնք են առանձնակի ուշադրութիւն գրաւող, երկյարկ եւ եռայարկ, կոպիտ տաշած կրաքարից կառուցուած շէնքերը: Թանգարանում ցուցադրուած են տեղաբնակների կենցաղը ներկայացնող իրեր, ինչպէս նաեւ ցուցասրահների պատերին տեղադրուած եւ մշակութային կեանքը պատկերող լուսանկարներ: Շուշին ունեցել է դպրոցներ, ինչպէս Ռեալական դպրոցը, Թեմական դպրոցը, ուր դասաւանդել են Պետրոս Շանշեանցը, Ղազարոս Աղայեանը, Պերճ Պռոշեանը եւ ուրիշներ. գրադարաններ, թերթեր ու հանդէսներ՝ «Ղարաբաղ», «Քնար Խօսնակ» եւ այլն: Շուշիում գործել է «Խանդամիրեան» թատրոնը, ուր հիւրախաղերով հանդէս են եկել հայ թատրոնի մեծերից Սիրանոյշը, Պ. Ադամեանը, Յովհ. Զարիֆեանը, Յովհ, Աբելեանը եւ այլ յայտնի դերասաններ: Այստեղ են ծնուել պատմաբան Լէօն եւ գրող Մուրացանը:
Շուշիի Պատմութեան թանգարանը տեղակայուած է քաղաքի «Ձորի թաղ»ի կենտրոնում, 19րդ դարում ապրած փոխգնդապետ Եսայի Ղարամեանցին պատկանած գեղեցիկ առանձնատանը, որը 1918թ. զաւթել է հայատեաց բժիշկ Մեհմանդարովը: 1920-1972թթ. շէնքը ծառայել է որպէս ծննդատուն, 1973-1992թթ. գործել որպէս Արեւելեան Գորգերի թանգարան, ապա՝ Պատմաերկրագիտական թանգարան, իսկ 2014թ. առ այսօր՝ Շուշիի Պատմութեան թանգարան:
Թանգարանն ունի մի քանի սրահներ, որոնցից առաջինը նուիրուած է հնադարին եւ միջնադարին, ինչպէս նաեւ 1920թ. թուրք-թաթարական կանոնաւոր եւ անկանոն զօրքերի կողմից Շուշիի հրդեհման եւ քաղաքի շուրջ 30 հազար հայ ազգաբնակչութիւնից 7-8 հազարի կոտորորածին: Այդ ընթացքում 2 հազարից աւելի պատանիներ մահմեդականացուել, իսկ ողջ մնացածները ապաստանել են Արցախի զանազան գիւղերում:
Երկրորդ սրահը հետաքրքրական է իր՝ Շուշիի ազատագրման, ազգագրութեան, մշակոյթին, կրթութեան եւ արհեստներին նուիրուած անկիւններով:
Երրորդ սրահը ներկայացնում է Թադեւոս Թամիրեանցի ընդունարանը: Թ. Թամիրեանցը շուշեցի բարերար է, որը 1896թ. քաղաքի համար 18 կմ. երկարութեամբ ջրագիծ է անցկացրել եւ 18 թաղամասերում կառուցել աղբիւր-ջրամբարներ: Շուշեցիների յիշողութեան մէջ անջնջելի է մնացել ջրագծի վերջին 3 կմ.ի հետ կապուած դրուագը: Բանուորները, դէմ առնելով ապառաժի, հրաժարւում են շարունակել աշխատանքը: Դժուարութեան առջեւ չընկրկող բարերարը ջրագծի իւրաքանչիւր քայլափոխի համար ցարական 10 ոսկի է դնում, մղելով բանուորներին աւարտին հասցնել աշխատանքը. իսկ ջրագծի բացման արարողութեան ի պատիւ 3 կմ. երկարութեամբ սեղան է բացում եւ Շուշիի ողջ բնակչութեան հրաւիրում կերուխումի: Մահացել է 1899թ., Շուշիի 10 դպրոցներից իւրաքանչիւրին կտակելով 2 հազար ռուբլի, նոյնքան գումար էլ յատկացնելով իր հիմնած «Աղքատների ֆոնդ»ին, որը աշխատատեղեր է տրամադրել շուշեցիներին, ընդհուպ 1917 թուականը:
Շուշիի Պատմութեան թանգարանի հազարաւոր նմուշները ներառում են դրամներ, գիտա-օժանդակ նիւթեր՝ պաստառներ, քարտէզներ, լուսանկարներ, գորգեր, կարպետներ, տարազներ, տարբեր ժամանակների հանդերձանք, կենցաղային առարկաներ ու զինամթերք, զինուորական պարագաներ, մեդալներ ու շքանշաններ, նաեւ մանրակերտեր: Առանձին վահանակ է տրամադրուած 1992թ. Շուշիի առումին եւ հայ ազատամարտիկների տարած փառահեղ յաղթանակի պատմութեանը, որ առաւել ընկալելի է դառնում լուսային հնարքներով ուղեկցուող «Հարսանիք լեռներում» ռազմական գործողութեան մանրակերտով:
Թանգարանում ընթացող աշխատանքների հիմնական ուղղութիւններն են՝ գիտահետազօտական աշխատանքը, հաւաքչական աշխատանքը, ներգրաւուածութիւնը տարբեր արշաւախմբերում:
Թանգարանը շարունակաբար համալրւում է նոր ցուցանմուշներով, որոնք հիմնականում գոյանում են շնորհիւ հաւաքչական աշխատանքի, արշաւախմբերի եւ անհատ անձանց նուիրատուութիւնների:
Թանգարանի հարուստ եւ արժէքաւոր ունեցուածքը բազմապատկելու եւ այն առաւել լայնօրէն ներկայացնելու գործում իր մեծապէս գնահատելի աւանդն ունի թանգարանի տնօրէն Աշոտ Յարութիւնեանը, որն այս պաշտօնը ստանձնել է 1996թ.: Նա աւարտել է Ստեփանակերտի Մանկավարժական հիմնարկի պատմութեան եւ իրաւագիտութեան բաժինը, հեղինակ է յիսունից աւելի ուսումնասիրութիւնների եւ յօդուածների, որոնց մէջ առանձնակի տեղ է յատկացուած Շուշի ամրոցի պատմութեան չուսումնասիրուած եւ վիճայարոյց մասերին: Աշոտ Յարութիւնեանի կենսագրութեան կարեւոր մի մասն առնչւում է Արցախեան Ազատամարտին. 1990թ. սկսած մասնակցել է Արցախի պաշտպանութեան, ինչպէս նաեւ Լեսնոյի, Խոջալուի եւ Աղդամի կրակակէտերի վնասազերծման գործողութիւններին:
Աշոտ Յարութիւնեանի անձնական ջանքերի եւ նուիրումի շնորհիւ թանգարանում կան գովազդային լուսանկարներ, նիւթեր են տեղադրուած համացանցում, որոնց միջոցով այցելուները հաղորդակից են դառնում Շուշիի պատմութեան: Տնօրէնի հետ միասին, թանգարանի գործունէութեան մէջ իրենց կարեւոր ներդրումն ունեն անձնակազմի միւս անդամները, որոնք հսկում եւ ապահովում են նմուշների ցուցադրութիւնը: Բացատրութիւնները երկլեզու են՝ հայերէն եւ անգլերէն: Թանգարանն իր աշխատանքն ապահովում է առաջին հերթին ողջ անձնակազմի նուիրեալ աշխատանքի շնորհիւ, սակայն այն ուշադրութեան եւ օգնութեան կարիք ունի եւ բաղձալի է, որ մեր հայրենակիցները նուիրատուութիւններ կատարելու ժամանակ չշրջանցեն մշակոյթի կարեւոր օջախ հանդիսացող թանգարանները եւ վարուեն վերը յիշատակուած բարերար Թ. Թամիրեանցի օրինակով:
Անկարելի է այցելել Արցախ եւ չլինել Շուշիում: Անկարելի է նոյնպէս լինել Շուշիում եւ չայցելել Շուշիի Պատմութեան թանգարան, որովհետեւ պատմութեան թանգարանները հայոց պատմութեան իւրօրինակ դասագիրք են:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
«Ասպարէզ»