կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-03 12:23
Քաղաքական

Արցախը սկուտեղի վրա ստանալու` Բաքվի պատրանքը

Արցախը սկուտեղի վրա ստանալու` Բաքվի պատրանքը

Հանրահայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արտաքին քաղաքականության արցախյան ուղղությունում առաջնորդվում են ոչ այնքան համընդունելի իրավաքաղաքական արժեքներով, ռազմաքաղաքական իրողություններով ու դրանցից բխող իրատեսական հետեւություններով, որքան որ «սկուտեղային մատուցման» պատրանքային մտածողությամբ։ Ընդ որում, այդ երեւույթն ամենեւին էլ նոր չէ Բաքվի խաթարված մտածելակերպում։ Ախտանիշի նախադեպերն առավել քան շատ են, ինչը, համոզված եմ, անժխտելի վկայում է մեր այդ անփառունակ հարեւանների անբուժելի քրոնիկական հիվանդության մասին։ Հույսի նշույլ անգամ չունենալով, որ ուժի պարտադրմամբ, ասել է թե՝ պատերազմի միջոցով, կարող են կոտրել արցախցիներիս ու, մեզ հետ միասին, ողջ հայ ժողովրդի միասնական ու անկոտրում կամքը, պաշտոնական Բաքուն շարունակում է հայացքը հառել աշխարհի հզորներին՝ ակնկալելով, թե ահա ուր որ է, ինչպես դա տեղի ունեցավ  գրեթե մեկ դար առաջ, Լեռնային Ղարաբաղը վերստին սկուտեղի վրա կմատուցեն Ադրբեջանին։

Բաքվի «սկուտեղային մատուցման պատրանքի» հերթական բռնկումը երեւակվեց բառացիորեն օրերս, երբ աշխատանքային այցով տարածաշրջան էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Հետեւելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքներին, առաջին իսկ հայացքից կարելի է այն տպավորությունը ստանալ, թե Դոնալդ Թրամփի պատվիրակն Անդրկովկաս է ժամանել մեն մի գլխավոր նպատակով, այն է՝ համոզել Հայաստանին, որպեսզի էական տարածքային զիջումների գնա Արցախի հարցում, Ադրբեջանին վերադարձնի պատերազմի ժամանակ ազատագրված շրջանները՝ փոխարենը խոստանալով Հայաստանի ապաշրջափակումն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ադրբեջանցի վերլուծաբանների երեւակայությամբ՝ Արցախին հարակից շրջանների վերադարձից հետո փաստորեն կմնա կատարելու ընդամենը մեկ քայլ՝ ետ վերադարձնել Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, ինչին դարձյալ անպայման կաջակցի միջազգային հանրությունը, հենց թեկուզ՝ Միացյալ Նահանգները։ Իրոք, ինչ պակաս սկուտեղ է Բաքվի չիրականացող պատրանքների համար։

Մինչդեռ իրականում, ինչպես վկայում է լրահոսը, Ջոն Բոլթոնը, Երեւանում խոսելով հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտության մասին, ասել է հետեւյալը. ՙԵս ղարաբաղյան հակամարտության հանդեպ ամերիկյան դիրքորոշումը եւ քաղաքականությունը փոխելու համար չէ, որ եկել եմ Հայաստան, այլ հայաստանյան կողմից կարծիքներ լսելու, եւ իմ տպավորությունն այն է, որ Հայաստանը մեծապես աջակցում է Մինսկի համանախագահների աշխատանքին, ձեւաչափին եւ մանդատին։ Մնում է, որ եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում եւ ստանա ամուր մանդատ, դրանից անմիջապես հետո անցնի վճռական քայլերի կատարմանը, որոնք կտանեն դեպի խաղաղության հաստատում՚։ Ըստ Բոլթոնի՝ Ադրբեջանն էլ, անշուշտ, պետք է իր կողմից վճռական քայլեր կատարի՝ խաղաղությանն ընդառաջ։ ԱՄՆ նախագահի խորհրդականը փաստորեն բարձրաձայնել է այն հերթապահ ու համահարթեցված գաղափարը, որը պարբերաբար շրջանառվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների եւ կամ նրանց լիազոր դեսպանների՝ Մինսկի խմբի համանախագահների ինչպես անհատական, նույնպես եւ համատեղ հայտարարություններում։ Այսինքն, Բաքվի համար թվացյալ սկուտեղի խնդիր չկա, որի վրա իբր թե պետք է Արցախը մատուցվի Ադրբեջանին։

Այլ բան են Ջոն Բոլթոնի արտահայտությունները Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ավանդական կողմնորոշման, զինատեսակների գնումների ամերիկյան այլընտրանքի, Իրանի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության առնչությամբ, որոնք անմիջական կապ չունեն ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հետ։ Ի վերջո, ընդունենք, որ Ջոն Բոլթոնը լիազորված չէր Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցի ընթացքում թրի մեկ հարվածով հատելու գորդյան հանգույցը։

Բաքու, Երեւան եւ Թբիլիսի նրա շրջայցի գլխավոր թիրախային նպատակը իրականում ոչ այնքան արցախյան հիմնախնդիրն էր, որքան որ Ռուսաստանը եւ Իրանը, որոնց նկատմամբ Միացյալ Նահանգների վերաբերմունքը միանշանակ բացասական է։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ սահմանած արգելքին, իր սպառազինությունը հիմնականում ձեռք է բերում Ռուսաստանից, իհարկե, նաեւ՝ Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Չեխիայից, Սլովակիայից եւ Իսրայելից։ Բացի այդ, առերեւույթ բավական ջերմ ու սերտ են Բաքու-Մոսկվա փոխհարաբերությունները։ Այն աստիճան, որ ադրբեջանական մամուլը, մոռացած, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդամենը գործընկերներ են, իր հրապարակումներում շատ հաճախ ոչ այլ կերպ, քան ռազմավարական դաշնակիցներ է անվանում երկու երկրներին։ Բայց, արդյո՞ք դա այդպես է։ Եթե այո, ապա ինչպե՞ս եղավ, որ Բաքուն, դեռեւս անցյալ դարի 90-ական թվականներից հետեւողականորեն ձեռնամուխ էր Ադրբեջանի տարածքից ռուսական զորքերի տարհանման գործընթացին, իսկ 2012թ. դեկտեմբերին ստիպեց ռուսաստանյան վերջին ռազմական խմբավորմանը՝ հեռանալ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանից, այսպիսով իսկ՝ Վրաստանից հետո դառնալով երկրորդ այսրկովկասյան պետությունը, որտեղ ռուսական ռազմական ներկայություն չկա։ Փաստորեն, հարավկովկասյան միակ պետությունը, որի տարածքում այդ ներկայությունն առկա է, Հայաստանն է՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության գծով։ Այնուամենայնիվ, վերջին ամիսներին Մոսկվայի եւ Բաքվի փորձագիտական շրջանակներոււմ աշխուժորեն շրջանառվում է նաեւ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին մոտ հեռանկարում Ադրբեջանի միանալու գաղափարը, իհարկե, առայժմ՝ որպես հավանականություն։ Ինչ խոսք, Մոսկվա-Բաքու մերձեցումը հազիվ թե դուր է գալիս Վաշինգտոնին, որը ջանքեր չի խնայում Ռուսաստանին իսպառ դուրս մղելու հարավկովկասյան տարածաշրջանից։ Ուստի, Բոլթոնի Բաքու, ինչպես նաև առհասարակ Հարավային Կովկաս կատարած այցի թիրախներից մեկը, կարելի է ենթադրել,  հենց այդ խնդիրն է։

Մյուս խնդիրը, որ ԱՄՆ նախագահի խորհրդականի այցի երկրորդ առանցքային թիրախն էր, վերաբերում էր Ադրբեջանի եւ Իրանի փոխհարաբերություններին, մանավանդ՝ Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան եւ այնտեղից տարբեր ճյուղավորումներով դեպի եվրասիական տարածք ձգվող հարավ-հյուսիս տրանսպորտային ուղու նախագծին, որի շնորհիվ Իրանը կարող է հնարավորություն ստանալ ապրանքների ու հումքի տարանցմամբ որոշակի մեղմել իր հանդեպ Վաշինգտոնի հայտարարած առեւտրատնտեսական պատժամիջոցների ծանր հետեւանքները։ Չի բացառվում, որ Ջոն Բոլթոնը Բաքվում շեշտել է այդ ծրագրի անհամատեղելիությունը Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի ներկայիս քաղաքականության հետ, ուստի հորդորել է սառեցնել նախագծի իրագործումը։ Նկատի առնելով Իրանը մասնատելու՝ Միացյալ Նահանգների մտադրությունը, ինչի հավանականության մասին անդադար խոսում են տարբեր երկրների, առանձնապես Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում, կարելի է ենթադրել՝ նա միեւնույն ժամանակ ակնարկել է մասնատված Իրանի տարածքից Բաքվին փայաբաժին հատկացնելու հեռանկարի մասին։  Եվ, քանի որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր տարածքային նկրտումներն Իրանի Ատրպատականի նահանգի նկատմամբ՝ համարելով այն «պատմական Ադրբեջանի մաս» կամ «Հարավային Ադրբեջան»,  ուստի չի բացառվում, որ բանակցող կողմերը երկուստեք բավարարող ընդհանուր եզրեր են գտել։ Չբացառենք նաեւ, որ՝ ինչպես հաջորդ օրը Երեւանում էր, Ջոն Բոլթոնը Բաքվում եւս առաջարկել է հրաժարվել ռուսական զենքի գնումներից՝ ընդգծելով, որ ամերիկյան սպառազինությունն ավելի լավն է, քան ռուսականը։ Միեւնույն ժամանակ, նաեւ խոստացել է, որ Վաշինգտոն վերադառնալուց հետո ջանքեր կգործադրի, որպեսզի չեղյալ հայտարարվի դեռեւս 1992 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը, համաձայն որի՝ արգելվում է զենքի վաճառքն Ադրբեջանին։  Որպես իր խոստման հավաստիք՝ նա, ինչու՞ չէ, հնարավոր է՝ օրինակ  է բերել այդ լրացման շրջանցմամբ ամերիկյան արտադրության Բելլ-412 մակնիշի ուղղաթիռների մի խմբաքանակ վերջերս Ադրբեջանին վաճառելու փաստը։ Նշենք, որ այդ ուղղաթիռները, ըստ նախնական կիրառական նշանակության՝ լինելով ուղեւորատար, իրականում ռազմականացման ենթակա են եւ, ըստ լրահոսի տվյալների, բուն գործարանում, թե անմիջապես Ադրբեջանում տեխնիկական շտկումների ենթարկվելով՝ արդեն համալրել են ադրբեջանական բանակի զինանոցը։ Չմոռանանք, որ այդ կարգի ուղղաթիռները, տեխնիկապես վերափոխվելով, որպես ռազմական միջոցներ օգտագործվում են Աֆղանստանում։

«Հայաստանի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի համար ունեն առաջնային նշանակություն, եւ ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քանի որ խաղաղությունը հարկավոր է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, այլեւ կծառայի ԱՄՆ շահերին»,- արդեն Հայաստանում՝ բարձր մակարդակի հանդիպումներից հետո ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ կողմերն իրենք պետք է այնպիսի կարգավորումներ գտնեն, որ ապագան երաշխավորված լինի։ Խոսելով ռուսական զենքի գնումների մասին՝ Բոլթոնը նշել է. «Ռուսաստանը Հայաստանի հիմնական զենքի մատակարարն է եւ մատակարարում է Ադրբեջանի զենքի շուրջ 80 տոկոսը։ Այդպիսով, Ռուսաստանն ահռելի ազդեցություն է ձեռք բերել կողմերի նկատմամբ, սակայն խաղաղությունը չի մոտեցել։ ԱՄՆ-ում միշտ էլ այն կարծիքին են, որ մրցակցությունն է բարելավում ստեղծում»։ Ամեն պարագայում, հավելել է նա, ամերիկյան զենքը շատ ավելի լավն է, քան ռուսականը։ «Այնպես որ՝ այս մեկնակետից ԱՄՆ օրենսդրությունը քննարկելու իմաստ կա»,- ընդգծել է նա՝ ամենայն հավանականությամբ նկատի առնելով «Ազատության աջակցման ակտի» 907-րդ ուղղումը։

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականի հաջորդ այցը Վրաստանում էր։  Ըստ ստացված լրահոսի՝ Ջոն Բոլթոնն ուրբաթ օրը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ՆԳ նախարարի եւ պետանվտանգության ծառայության տնօրենի հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության հարցերը։ «Կողմերը քննարկել են անվտանգության առումով Վրաստանի առջեւ առկա մարտահրավերները, տարածաշրջանային սպառնալիքները եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հեռանկարները։ Հանդիպմանն ընդգծվել է անվտանգության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության կարեւորությունը։ Քննարկման թեմա էր դարձել նաեւ Վրաստանի անվտանգության ոլորտի բարեփոխման հարցը»,- ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Բնականաբար, դժվար չէ կռահել, որ՝ ինչպես Բաքվում եւ Երեւանում էր, Թբիլիսիում նույնպես քննարկումների հիմնական առանցքը Ռուսաստան- Հարավային Կովկաս եւ Իրան-Հարավային Կովկաս փոխհարաբերությունների խնդիրն էր, որը Վաշինգտոնի տեսակետով ենթակա է որոշակի խմբագրման՝ համապատասխանեցնելով այդ երկու տերությունների նկատմամբ ամերիկյան հարաճուն պատժամիջոցների տառին ու ոգուն։

Բայց պնդել, թե Միացյալ Նահանգների նախագահի պատվիրակը կոնկրետ լուծումներ է առաջարկել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ, ընդ որում՝ ի նպաստ Ադրբեջանի, կարծում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Բաքվի հիվանդ երեւակայության արգասիք։ Առհասարակ, եթե թեկուզ հպանցիկ հայացքով դիտարկենք հակամարտության ավելի քան երեսունամյա պատմությունը, ապա դժվար չէ ամփոփ արձանագրել այդ երեւույթի առկայությունը մեր արեւելյան հարեւանների մոտ։ Անգամ իրար հաջորդած իշխանափոխությունները, որ քանիցս տեղի են ունեցել այդ հանրապետությունում՝ խորհրդային, թե հետխորհրդային տարիներին, դույզն իսկ չեն նվազեցրել իրար հաջորդած վարչախմբերի՝ արտաքին քաղաքականությանը ոչ հարիր պատրանքային մտածողությունը՝ լինի դա Արցախյան շարժման առաջին տարիներին՝ անցյալ դարի 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին՝ ադրբեջանական կոմկուսի առաջին քարտուղարներ Բաղիրովի եւ Վեզիրովի, թե պետական անկախության շրջանում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ու հետպատերազմյան տարիներին Ադրբեջանի նախագահի բազկաթոռին տիրած Մութալիբովի, Էլչիբեյի, հայր եւ որդի Ալիեւների կառավարման օրոք, ընդհուպ մինչեւ ու ներառյալ մեր օրերը։ Ինչպես տեսնում ենք, ի սկզբանե էր եւ այլեւս բարձիթողի է Ադրբեջանի պատրանքային տառապանքը, հետեւապես՝ անհուսորեն անբուժելի։

 Միքայել Հաջյան