Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրանքները, որոնց վրա, կառավարության որոշմամբ, փակցվեցին դրոշմապիտակներ, առաջին տպավորությամբ սկսեցին զգալի չափով ավելացնել իրենց արտադրությունը, բայց իրականում խնդիրն արտադրության ավելացումը չէ: Որպես օրինակ` բերենք երկու ապրանքատեսակ՝ գարեջուրն ու հանքային ջրերը, որոնք 2013-ից վաճառքի են հանվում արդեն դրոշմապիտակներով:
2014-ի առաջին 8 ամիսներին գարեջրի և հանքային ջրերի արտադրությունը ավելացել է, համապատասխանաբար, 44 և 55 տոկոսով, փաստն ուրախալի է` անկախ այն բանից, թե դա ինչի հետևանք է: Առաջինը, որ մտքիդ գալիս է` կոնկրետ գարեջրի պարագայում, այն է, որ կա'մ ավելացրել ենք արտահանման ծավալները, կա'մ էլ մեր ազգը գնալով դառնում է հարբեցող: Խոստովանեք, որ երկրորդի պարագայում ուրախանալու առիթ չկա:
Բայց նախքան վերջնական «ախտորոշումը» պետք է ուսումնասիրենք ունեցած տվյալներն ամբողջությամբ: Խոսքը, իհարկե, խմիչքի նկատմամբ անհագուրդ ծարավ ունեցողին բժշկական հետազոտության ենթարկելը չէ: Եթե հիշում եք` նշեցինք, որ գարեջրի արտադրության ավելացումը կա'մ արտահանման հետևանք է, կա'մ ներքին շուկայում սպառման ծավալների ավելացման:
Երբ ուսումնասիրում ենք արտահանման ծավալները, ամեն ինչ, շատ թե քիչ, պարզ է դառնում: Գարեջրի արտահանումը 2014-ի առաջին 6 ամիսներին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է մոտավորապես 12 տոկոսով: Ընդհանրապես, որպես մեջբերում, նշեմ արտահանման ևս մեկ հետաքրքիր թիվ, որը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Գարեջրի, հանքային ջրերի և շատ այլ ապրանքների արտահանման ծավալների կրճատման հետևանքով մեր արտահանումն աճում է արդեն ընդամենը 1 տոկոսով` նախկին 3-4 տոկոսի փոխարեն: Սա ԱՎԾ-ի հրապարակած վերջին թիվն է:
Ի՞նչ է ստացվում` գարեջրի արտահանման ծավալի նվազման դեպքում մնում է միայն մեկ տարբերակ` ավելացել են ներքին սպառման ծավալները, այն էլ` շատ կտրուկ: Արդյո՞ք սա կարող է իրականությունը լինել: Դժվար թե այն երկրի համար, որի բնակչության թիվը գնալով պակասում է, այլ ոչ թե ավելանում:
Իրականում Հայաստանում ավելացել է ոչ թե գարեջրի արտադրությունը կամ ալկոհոլի սիրահարների թիվը, այլ դրոշմապիտակների ներդրման հետևանքով գարեջրի՝ այսքան ժամանակ ստվերում եղած արտադրանքը պարզապես դուրս է եկել մաքուր դաշտ՝ տպավորություն ստեղծելով, թե ավելացել են արտադրության ծավալները:
Նույն պատկերը նաև հանքային ջրերի շուկայում է, որտեղ նույնպես արտահանման ծավալները նվազել են մոտավորապես 10 տոկոսով: Կարելի է նաև ենթադրել, որ իրականում հնարավոր է, որ գարեջրի և հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են, և մեր երկրում ոչ շատ խմողների թիվն է ավելացել, ոչ էլ իրենց առողջության մասին հոգ տանողների:
Գևորգ Խաչատրյան