Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Մարտի 1–ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին: Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել:
Հարությունյանը քիչ առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ չի ընդունում մեղադրանքը, և իր հանդեպ հայտարարված հետախուզումն էլ ապօրինի է, քանի որ ինքն իր ներկայացուցչի միջոցով ՀՔԾ-ին հայտնել է իր գտնվելու վայրը:
Կառավարության նիստից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարզաբանեց, որ հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլև ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելը: «Հետախուզման` քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված սահմանումը հետևյալն է՝ անձին հայտնաբերելն ու վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- ասաց նա:
Հարցին, թե տեղյա՞կ է՝ երբ է Հարությունյանը լքել Հայաստանը, ՀՔԾ պետը պատասխանեց. «Այո, այս տարվա հուլիս ամսին»:
Մեկ այլ հարցի` ի՞նչն էր խանգարում, որ պաշտոնավարման ժամանակ նրան հրավիրեին ՀՔԾ և հարցաքննեին, Խաչատրյանը պատասխանեց, որ մի քանի առիթներով ասել է` հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ: «Հարցաքննությունը պետք է ունենա որոշակի արդյունավետություն, այսինքն՝ անձը կանչվում է հարցաքննության այն դեպքում, երբ ունենք նրան տրվելիք հարցեր, և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի: Իսկ այս հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին, այն ժամանակ, երբ Հարությունյանը Հայաստանում էր: Բացի այդ՝ ոչ թե ասեկոսեները, օպերատիվ տվյալները կամ ինչ-որ այլ տվյալներ, այլ օրենսդրությամբ սահմանված, հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն է հիմք տալիս, որ անձը ներգրավվի որպես մեղադրյալ»,- ասաց ՀՔԾ պետը: