կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 15:24
Քաղաքական

Խորհրդարանն ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ. Արմեն Աշոտյան

Խորհրդարանն ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ. Արմեն Աշոտյան

Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ կառավարության պատանդը չէ. ԸՕ նախագծի քվեարկությունից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ազգային ժողովի վրա կառավարության ներազդելու փորձը ձախողվեց։ Կասեցվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը»,- ասաց նա և հավելեց, որ, միջնաժամկետ պատմական առումով, Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որը ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն ու թույլ չտվեց, որ Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, նման վայրագ կերպով վերաբերվի Ընտրական օրենսգրքին։

Աշոտյանի խոսքով` գործիչներ կան, որոնք քաղաքական գործընթացները կարող են համարել լավություն կամ վատություն։ «Մենք այստեղ իրար լավություն կամ վատություն չենք անում։ Մենք կրում ենք պատմական պատասխանատվություն Հայաստանում պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի տարանջատման, ամրապնդման և խորհրդարանի դերի ամրապնդման հետ կապված։ Սա լավությո՞ւն է, թե՞ վատություն: Գուցե որոշ մարդկանց քաղաքական շահերին վատություն է։ Բայց մենք այստեղ չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաներն ու շահերը։ Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ այսօր Աշոտյանն իր ելույթում նշել էր, որ խորհրդարանի քվեարկությունն այսօր նրա արժանապատվության հարցն է, կառավարությանը պատանդ չդառնալու հարցն է:

Հիշեցնենք նաև, որ այսօր խորհրդարանում երկրորդ անգամ քննարկվում էր ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը երկրորդ անգամ չընդունվեց օրենսդիրի կողմից: