Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախընտրական այս քարոզարշավն աննախադեպ է, քանի որ ակնհայտ խախտումներ չեն գրանցվել, դպրոցները և այլ կառույցներ չեն ներգրավվել ընտրապայքարում. «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
Ըստ նրա` թեև մամուլում եղել են ընտրակաշառքի դեպքերի մասին հրապարակումներ, բայց փաստերով դեռևս ապացուցված չեն:
Զեյնալյանը հավելեց, որ այս ընտրապայքարն աննախադեպ է նաև նրանով, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեծ գործիքակազմ է տրված ինչպես կուսակցություններին, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնողներին, որը ընտրությունների որակի վրա դրականորեն ազդելու համար է արվել: «Այս ընտրություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախերգանքն են, և կարևոր է, թե ինչպես կանցնեն դրանք»,- ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ ընտրելու իրավունքի իրացմամբ ցանկացած պաշտոն քաղաքական պաշտոն է. Երևանում է ապրում Հայաստանի բնակչության գրեթե կեսը, և քաղաքապետի պաշտոնը քաղաքական է, այլ ոչ թե սոսկ մենեջերի աշխատանք, իսկ իրենց թիմը եղել է և' գործադիր, և' օրենսդիր մարմիններում, թիմում կան բազմաթիվ փորձառու գործիչներ, որոնք տիրապետում են անհրաժեշտ գիտելիքների ու փորձի` Երևանը լավագույնս կառավարելու համար:«Ես էլ 2001 թվականից իրավական գործունեություն եմ ծավալել, ունեմ ոչ միայն ընդդիմադիր գործչի, այլ նաև գործադիր իշխանության մարմնի փորձ, ինչպես նաև ավարտել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ու ունեմ ՏԻՄ ղեկավարի որակավորում, ուստի վստահ եմ, որ կարող եմ գլխավորել Երևանը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
«Լույս» դաշինքի ավագանու ցուցակի երրորդ համար Դավիթ Խաժակյանն էլ առանձնացրեց 3 կարևոր խնդիրներ Երևանում, որոնց իրենց թիմը շուտափույթ լուծում կտա: Ըստ նրա` հանրային տրանսպորտի խնդիրը համար մեկն է, իրենք ուսումնասիրել են խնդիրը, մատչելի վարկ են գտել` այն վերջնականապես լուծելու համար: Մյուսը աղբահանության խնդիրն է, որը համակարգային առումով կլուծվի 8-9 ամիսների ընթացքում: Երրորդը շենքային խնդիրներն են. համատիրությունների բյուջեների կեսից ավելին գնում է աշխատավարձերի վճարման վրա, և աշխատանքների համար գումար չի մնում:
«Հնարավո՞ր է, որ սեպտեմբերի 24-ին նոր «Ելք» դաշինք ունենա Երևանը» հարցին Արտակ Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել, բայց հավաստիացրեց, որ իրենց և «Իմ քայլը» դաշինքի միջև թեժ պայքար չի ընթանում, իսկ ինքը վստահ ասում է, որ իրենց թիմին մենք կտեսնենք քաղաքապետարանում: