Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Միմյանց վիրավորելը և վարկաբեկելը վերջին շրջանում սովորական երևույթ են դարձել հատկապես սոցցանցերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում: Այս ամենը սովորաբար կատարվում է` ելնելով «հեղափոխական» դիրքերից: Հրապարակախոս, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը ներկայացնում է խնդրո առարկա հիշյալ հարցերի մասին իր տեսակետն ու մոտեցումները:
- Այսօր մեր հասարակական կյանքում գոյություն ունի լարվածություն, անհանդուրժողականություն, որը սոցցանցերից անցնում է մամուլ, մամուլից` մարդկանց հրապարակային ելույթներ: Իբրև վաստակաշատ լրագրող, տիկի'ն Հրաչուհի, ինչպե՞ս եք գնահատում այս մթնոլորտը:
- Հանրային մթնոլորտի լարվածությունը սոցցանցերի մեղքով չէ անհանդուրժողականության վերաճել: Սոցցանցերը իրականությունը չափազանցնում են, բայց նոր իրականություն չեն ստեղծում, ինչի մասին գրվում է՝ կյանքի արտացոլանքն է: Պատճառները հարկավոր է փնտրել հենց կյանքում, որտեղ բոլորը քաղաքագետ են, դատավոր են, իմաստուն են, և միայն ժողովրդի աջակցությունն է պակասում, որպեսզի հրաշագործություններ կատարեն: Լարվածության բուն պատճառն այն է, որ մենք երեսուն տարում չկարողացանք ի մի բերել մեր ազգային մտածողությունը և ստեղծել ազգային կուռ ուսմունք, չկարողացանք նշել միասին առաջ գնալու հանգրվաններն ու միջոցները: Մենք սևեռվեցինք սահմանների պաշտպանությանը, ինչն, իհարկե, անհրաժեշտություն է, սակայն մոռացանք հստակեցնել մեր ինքնությունը, կուլ գնացինք նյութի գայթակղությանը: Սրա հետևանքով իշխանությունները տարվեցին պետության հաշվին հարստանալով, թերացան իրենց պարտականություններում: Այս իրավիճակը ձեռնտու էր մեր հակառակորդներին, որոնք երկիր ներխուժեցին զանազան դիմակներով և թեժացրին իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները: Արդարության պաշտպանի դիմակներ էին կրում նաև բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք բացասականը քննադատում էին, բայց դրական ոչինչ չէին ուզում նկատել: Այնպիսի տպավորություն էին ստեղծում, թե երկիրը կործանվում է, արդար մարդ չկա, մնում է արտագաղթելը: Իհարկե, վատի կողքին կային նաև լավն ու առաջադեմը, որոնք հայտնվել էին հալածյալի դերում: Ինչ մեր երկրում կատարվում էր և կատարվում է, կարծես մենք չենք ուղղորդում, մենք անօգնական կամակատարներ ենք:
- Հասարակությունը մասերի բաժանելու, մարդկանց սևացնելու գործընթացը, անկախ այն բանից, թե ո′ր կողմն է դա անում, Ձեր կարծիքով, ո՞ւր է տանելու մեր երկիրը:
- Սա ցավալի վիճակ է, որը չի կարող երկար շարունակվել: Նոր իշխանությունները հասարակությանը հույսերով տոգորեցին. գեղեցիկ խոստումներ տվեցին, հավատ ներշնչեցին, որ ամեն ինչ կշտկվի, արդարություն ու հավասարություն կհաստատվեն: Ես նույնպես ոգեշնչվել էի, որովհետև, որքան էլ քաղաքական հարցերում պահպանողական եմ, մեծագույն սխալ էի համարում Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալը: Զգում էի, որ երկրին մի ցնցում է հարկավոր, ալան-թալանը պետք է բացառել, պետք է նոր ուժեր, նոր գաղափարներ գան: Սխալվեցի. այս նորերն անփորձ լինելուց բացի` նաև շատ հավակնոտ ու անզիջում են: Ազգային արժեհամակարգին լուրջ վտանգ է սպառնում, հազարամյակներով մեր փայփայած ավանդույթներն ուզում են հետամնացության պիտակով վերացնել, մոռացնել: Հայի համար ընտանիքը սրբություն սրբոց է, ինչ-որ արտասահմանցի արվեստագետներ են մեյդան ընկել, ուզում են հային դարձնել միջազգային կապիկ: Հայ տղամարդու կերպարն են ուզում ջնջել, որն ազգի լինելության վիթխարի պատվարն է: Իշխանավորներն այս ո՞ւմ են պատիվներ տալիս, ինչի՞ հաշվին: Սրանք ներազգային խնդիրներն են: Ավելի մտահոգիչ են համաշխարհային զարգացումները, մենք իրավունք չունենք վայրկյան անգամ մոռանալու մեր աշխարհաքաղաքական դիրք, թշնամիների լկտիությունը և թեթևամիտ արարքներ թույլ տալու: Այս անկախության համար մենք շատ դարերի պայքար ենք ներդրել, կյանքի գնով էլ լինի՝ պետք է պահպանենք:
- Ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, երբ շատերը խուսափում են իրենց կարծիքները բարձրաձայնել, եթե դրանք չեն համընկնում հրապարակում տիրող տեսակետներին:
- Ճիշտ եք նկատել, հիմա շատերն են խուսափում կարծիք հայտնելուց, փակվել են իրենց խեցիների մեջ ու կրավորական դիրք են գրավել: Ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև հատկապես սոցցանցերում ահավոր անհանդուրժող միջավայր է տիրում, հակառակ խոսք ասելը հավասարվել է քաջության: Իրենց հեղափոխական կարծող մարդիկ անմիջապես հարձակվում են նրա վրա ու չեն խորշում նաև փողոցային բառերից: Ամենասոսկալին այն է, որ դրանց շարքում շատ են կանայք, և մարդ ապշում է, թե դրանց ընտանիքներում ինչ է կատարվում: Բանը հասել է նրան, որ հարազատ ընկերներս են ինձ նամակ գրում, թե բա՝ էս ի՞նչ ես անում, ինչե՞ր ես գրում, քանի որ ես 5 տարի է, ինչ լրատվամիջոցում չեմ աշխատում, «Դիմագրքում» եմ հոդվածներ գրում: Գրում եմ մտածածս, զգացածս, երբեք չեմ խախտում բարեկրթության ու բանականության սահմանները: Ես հրապարակախոս եմ, արձակագիր եմ, ես լռելու իրավունք չունեմ: Իմ գրքերն անտիպ են, ընթերցողին չեն հասնում, և այս փոքրիկ լուսամուտով հնարավոր է լինում համախոհներիս հետ զրուցել, տեսակետներ փոխանակել: Այս ամիսների ընթացքում հարյուրավոր անուններ եմ էջիս անվանացուցակից ջնջել: Ես չեմ ուզում նողկալի հիշոցներ ու սպառնալիքներ լսել, բայց, կրկնում եմ, լռողներին չեմ մեղադրում:
- Ի՞նչ եք մտածում այն երևույթի մասին, որ իշխանափոխությունից հետո հանկարծ ակտիվացան մեր ազգային արժեքներին և բարոյական պատկերացումներին անհարիր խմբավորումները:
- Որքան էլ նախկին իշխանությունների մեղքերը շատ լինեն, նրանք տարածում էին Նժդեհի ու Հայկ Ասատրյանի, ազգային հերոսների ու մեր մեծ մտավորականների գաղափարները: Շատ իշխանավորներ հեռու էին այդ գաղափարների կրողը լինելուց, սակայն հասարակությունը, մանավանդ երեխաները վարակվում էին հայրենասիրությամբ, գիտակցում էին ազգայինի գերակայությունը: Նորերը կրթվել են արտասահմաններում, իրենց խիստ զարգացած են երևակայում, փորձում են Հայաստանում խորթ սովորույթներ արմատավորել: Մի քանիսին միգուցե ներվեր այդ օտարամոլությունը, բայց նրանք ներկայանում են թիմով ու պաշտպանում են միմյանց: Նիկոլ Փաշինյանը վատ կադրեր է ընտրել, կարծես թե, ինքն էլ դա տեսնում ու գիտակցում է, բայց չի ցանկանում իր կադրերից սահմանազատվել: Ընդհանրապես, վարչապետն իր ելույթների բովանդակությունն ու ոճը պետք է փոխի, նա պետք է իր թիմը համարի ամբողջ հասարակությանը, ոչ թե միայն հետը քայլածներին: Իշխանափոխությունից կարճ ժամանակ անց` ես սրտի ցավով գրեցի. «Չլինեմ այն պատմագիրը, որն ասի՝ հայ ժողովուրդը հաղթեց հայ ազգին»: Դժբախտաբար, օրեցօր այդ տագնապս ավելանում է: Մեր երկրում ԱԱԾ պետը պաշտպանված չէ, ի՞նչ մտածենք մենք՝ հասարակ քաղաքացիներս:
- Լրագրողական դաշտն ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի հասարակական լարվածության և ցնցումների ժամանակ:
- Մենք ունենք շատ տաղանդավոր և ազնիվ լրագրողներ, բայց, ցավոք, չունենք լրագրողական այդպիսի դաշտ: Չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է երկրի ներսում հանդուրժել դրսից վարձատրվող, նույնն է, թե՝ դրսից ուղղորդվող լրատվամիջոց կամ թեկուզ մեկ աշխատակից: Սա ազգային աղետ է, քաղաքական կարճամտության հետևանք: Լրատվական դաշտը պետք է մաքրել օտար աղբից, պետք է ստեղծել ազատ խոսքի հայկական հարթակ: Լրագրողը և խմբագրությունը պետք է պատասխանատու լինեն տպագրած ու հրապարակած յուրաքանչյուր փաստի, յուրաքանչյուր խոսքի համար: Անպատժելիությունը միայն պետական թալանի պարագայում չէ, որ կործանարար է, սուտ տեղեկությունը ևս պետություններ ու ազգեր է ոչնչացնում, այն էլ` ինչպես: Շատ կարևոր է լրագրություն վերադարձնել դրականի քարոզչությունը, ազգայինը, մարդկայինը: Մեր լրագրողները թվում են չարացած, անհանգիստ մարդիկ, ովքեր ծառայում են միայն իրենց վարձատրողներին: Հայ լրագրությունը պետք է ծառայի հայ ազգին, հանուն դրա հարկավոր է աշխատանքի ընդունել ձիրքաշատ, խելացի, ազնիվ լրագրողների: Որքան ներկա վիճակը շարունակվի, այս երազանքս այնքան կհեռանա: Կուզենայի ես լինեմ սխալվածը:
Հարցազրույցը Մարիամ Հովսեփյանի