Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի խնդիրների, դրանց լուծման, Երևանի տեսքի և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Արցախի նախագահի աշխատակազմի իրավախորհրդատու, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածու Ազատուհի Սիմոնյանի հետ:
Ազատուհին նշում է, որ Երևանում խնդիրների պակաս չկա, սակայն միաժամանակ պնդում է, որ երևանցին պետք է ապրի անհոգ: «Երևանցուն չպետք է հետաքրքրեն իր քաղաքի կառավարման հարցերը, առկա խնդիրները, նա դրանք պիտի վերապահի քաղաքային իշխանությանը՝ իր քվեով: Երևանցին պետք է ապրի ապահով, մաքուր, անվտանգ, կանաչ քաղաքում, նրան չպետք է մտահոգի, թե քաղաքային տնտեսությունում ինչ պրոբլեմներ կան: Եթե երևանցին վստահում է իր քաղաքը հմուտ կառավարչին, այլ հոգս չպետք է ունենա»,- ասում է նա ու հավելում, որ հենց սա է Երևանի կառավարման` ՀՅԴ-ի տեսլականը:
«Մենք պետք է մեկ օր մտահոգվենք հինգ տարվա մեջ` ընտրության օրը. եթե այդ օրը մենք քվեարկեցինք խղճի մտոք, այլևս 5 տարի պետք է չմտահոգվենք, եթե` ոչ, ապա ամեն օր պետք է մտահոգվենք»,- նշում է Ազատուհին:
Երևանում նրա ամենասիրած վայրը «Հաղթանակ» զբոսայգին է, որտեղից երևում է Երևանի համայնապատկերը: «Շատ տխուր է այդ պատկերը, ուզում եմ Երևանն էլ այլ շատ քաղաքների նման «կարգապահ» լինի: Ուզում եմ Երևանի տանիքներն էլ լինեն մեկ գույնի, գոնե կենտրոնի շենքերը պետք է լինեն ճարտարապետական մեկ գծի, մեկ գույնի մեջ: Երևանը պետք է լինի առաջին հայացքից գրավիչ քաղաք նաև պատմական առումով. 2800-ամյա քաղաք է, բայց գրեթե չունենք այդ տարիքի շենքեր: Ինձ համար Արամի տունը պատմական շենքերից է, բայց նայեք, թե ինչ վիճակում է»,- շեշտում է Ազատուհին:
«Եթե ուզենանք թվարկել Երևանի խնդիրները, 2 ձեռքի մատները բավական կլինեն»,- ասում է նա ու ներկայացնում ամենացավալի խնդիրներից մեկի` աղբահանության խնդրի լուծման` ՀՅԴ-ի տարբերակը:
«Ծրագրում ունենք այսպիսի կետ` ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն: Գաղտնիք չէ, որ աշխարհում աղբը մեծ փող է: Այսօր Հայաստանում, ցավոք, աղբից չենք ստանում հավելյալ արժեք: Աղբի մշակման մի քանի մեթոդ կա: Մենք ասում ենք` պետք է ստեղծենք նոր աղբավայր, աղբավայրի հիմքում հիդրոմեկուսիչ ծածկ դնենք` կանխելու համար ջրի թափանցելիությունը: Մենք ասում ենք` աղբն արդեն պետք է վերամշակվի, որովհետև աղբի վերամշակումից նախևառաջ մեր երկրի, քաղաքի էկոլոգիական վիճակը կբարելավվի, մեր տնտեսության մեջ հավելյալ արժեք կստեղծվի, եկամուտ կստեղծվի, նաև էներգիա կստանանք, այսինքն` փող կստանանք: Եթե դա անի քաղաքային տնտեսությունը` մասնավորի հետ, կդառնա շատ լավ օրինակ, որ նման աղբավայրեր ոչ միայն Երևանում ստեղծվեն, այլև մարզերում: Սա է մեր հիմնական գաղափարը` աղբի հետ կապված»,- ասաց ավագանու թեկնածուն:
Ազատուհու կարծիքով` եթե բնակիչը կարողանա աղբը գրագետ տեսակավորել, դա արդեն կդառնա իր տնտեսության համար հավելյալ արժեք: «Յուրաքանչյուր քաղաքացի իր տանը պետք է ունենա 4 հատ տարանջատված տոպրակ, որոնց մեջ կլցնի կենցաղային աղբը, թուղթը, ապակին և պլաստմասսան: Այսինքն` քաղաքացին աղբարկղ պետք է տանի 4 առանձին տոպրակով աղբ, ամեն բակում էլ պետք է լինեն դրված տեսակավորված աղբի տարաներ, որոնց վրա պետք է առանձին-առանձին գրված լինի` թուղթ, կենցաղային, ապակի և պլաստմասսա»,- ասում է նա:
Ազատուհին հայտնեց, որ ՀՅԴ «Արամ Մանուկյան» գրասենյակի մոտ արդեն տեղադրել են տեսակավորված աղբամաններ և հույս ունեն, որ դրանք չեն կորչի, միշտ տեղում կլինեն, և շրջանի բնակիչներն էլ կհամագործակցեն իրենց հետ: Նա ասաց, որ եթե ընտրվեն ավագանի, ունենան քաղաքապետ, կշարունակեն սկսած գործը և այլ համայնքներում ևս նման աղբամաններ կտեղադրեն:
Մեր հարցին` ինչպե՞ս են գնահատում իրենց շանսերը, միշտ նշում են, թե հաղթելու են, որտեղի՞ց է գալիս այս վստահությունը, նա պատասխանում է. «Վստահությունը գալիս է երևանցիների հետ ամենօրյա շփումից, ներկայիս մարտահրավերները տեսնելուց: Հույս ունենք, որ Երևանի բնակիչը պետք է կատարի իրավագիտակից որոշում, պետք է սեպտեմբերի 23-ին քվեարկի իր խղճով»:
Ազատուհին կարծում է, որ նոր իշխանությունը վարչական ռեսուրս չի օգտագործելու, փող չի բաժանվի, թաղի խուժանը դերակատար չի լինի: «Սա Նոր Հայաստանի առաջին քննություն է, եթե այս քննությունը չհաջողենք, պատմության առջև պետք է պատասխան տանք: Ժողովրդի հետ երկխոսության ընթացքում քննարկելու ենք կաշառքը և վարչական ռեսուրսը բացառելու, և 27 տարվա անկախության շրջանում ընտրախցում քաղաքացուն իր քվեաթերթիկի ու գրչի հետ մենակ թողնելու հարցը»,- ասում է նա:
Ազատուհին կարծում է, որ քարոզարշավը պետք է անել ծրագրային, «չգունավորել» այն: «Մենք պետք է միմյանց մեջ տեսնենք գործընկերների, չփնտրենք թշնամիների»,- ընդգծում է ավագանու թեկնածուն:
Իսկ թե ինչո՞ւ երևանցին հենց պետք է ՀՅԴ թիմին ձայն տա, նա պատասխանում է. «Մենք միակ ուժն ենք, որ ոչ միայն խոսում ենք «համահայկական Երևան» գաղափարի մասին, այլև գործուն օրինակով կարող ենք այն իրականություն դարձնել: Միշտ ասվել է, չէ՞, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, բայց կարգախոսից այն կողմ չի անցել: Մենք գտնում ենք, որ այժմ այս կարգախոսը, որ բավականին գեղեցիկ է, իրականություն դարձնելու ժամանակն է: Սփյուռքահայն իր գործուն մասնակցությունը պետք է ունենա Երևանի կառավարման մեջ: Մենք կարող ենք Սփյուռքի մի կոնկրետ համայնք կապել Երևանի մի կոնկրետ վարչական շրջանի հետ` կոնկրետ փոքր, առօրեական կամ կենցաղային խնդիրներ լուծելու համար»,- ասում է Ազատուհին:
Ըստ նրա` դրսում ունեն դաշնակցական քաղաքապետեր, և իրենց համար խնդիր չէ նրանց հետ կատարել փորձի փոխանակում, խորհրդատվություն և այլ ռեսուրսների ստանալ: «Դաշնակցությունը միայն իր 77 հոգու փորձով չի մտնում հրապարակ, այլ իր համահայկական ցանցային կառույցի փորձով: Դաշնակցության համար խնդիր չէ վաղը դիմել Արֆորվիլի, Այնճարի, Բուրջ Համուդի գործող դաշնակցական քաղաքապետերին կամ Փասադենայի նախկին քաղաքապետին փորձի փոխանակման, մարդկային և մտավոր ռեսուրսի, գործուն աջակցության և համագործակցության հարցով: Նման այլ քաղաքական ուժ այս պահին Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված չէ»,- ասում է Ազատուհին ու հավելում` իրենց գլխավոր առավելությունը համահայկական կառույցը գործի դնելն է:
«Մենք կարող ենք այդ ներուժն օգտագործել»,- եզրափակում է նա: