կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-31 15:25
Հասարակություն

Քաղաքը չենք վստահում գավառական թամադային. «Երկիր ծիրանին»՝ Թոխատյանին. ավագանու նիստը թեժ էր

Տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց Կանազի մշակութային պալատը 10 տարի ժամկետով տրամադրել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին: Նշենք, որ Թոխատյանը ցանկանում է այնտեղ թատրոն հիմնադրել:

Նիստն անցավ թեժ մթնոլորտում՝ «Երկիր ծիրանին» դեմ քվեարկեց, «Ելքը»` կողմ, սակայն նրանք էլ մի շարք հարցեր ունեին Թոխատյանին:

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները՝ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը, նշեցին, որ իրենք դեմ են, որ շենքը տրամադրվի Թոխատյանին, քանի որ նա այս տարիների ընթացքում ոչնչով աչքի չի ընկել, բացի իշխանության այս կամ այն հավաքների ժամանակ թամադայություն անելուց: «Տարածքը նվիրաբերում եք Թոխատյանին՝ ապահովելով մեր գավառական թամադայի մշտական աշխատանքը: Մենք մեր քաղաքը չենք վստահում նրան»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Ի պատասխան` Երևանու ավագանու ՀՀԿ-ական անդամ Արա Երնջակյանը նշեց, որ պետք չէ պիտակավորել ինչ-որ մեկին: «Էդ մարդը 60 տարեկան է դառնում, նա կյանքում միայն թամադա՞ է եղել, ոչ մի բան չի՞ արել Հայաստանի համար: Հետաքրքիր է՝ խոսողներն ի՞նչ են արել մեր երկրի համար»,- ասաց նա:

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ նշեց, որ բավական է մշակույթի գործիչներին պիտակավորեն: «Եթե մշակույթի գործիչներն էլ սկսեն ձեզ ծաղրել, տակից դո՞ւրս եք գալու: Այս ինչ վերաբերմունք է մշակույթի գործչի նկատմամբ: Ձեզ թվում է՝ այլ աչքեր չե՞ն եղել այդ շենքի վրա, իհարկե, եղել են: Հիմա եթե սուպերմարկետ լիներ, գոհ կլինեի՞ք»,- ասաց նա՝ դիմելով «Երկիր ծիրանի»-ին:

«Ելք» խմբակցությունից Զարուհի Բաթոյանին հետաքրքրում էր՝ արդյո՞ք շենքը լինելու է լիովին հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նրա խոսքով՝ սա լավ առիթ է, որպեսզի շենքը դառնա մշակութային օջախ բոլորի համար, ոչ թե` հատուկ մարդկանց: Բաթոյանը նաև հստակեցրեց, որ, հարմարեցված ասելով, նկատի չունի միայն թեքահարթակը, այլ շենքն` ամբողջությամբ:

«Ելք»-ից Արայիկ Հարությունյանն էլ հետաքրքվեց, թե քանի՞ աշխատատեղ է ստեղծվելու այդ կառույցի արդյունավետ շահագործման դեպքում: Ի պատասխան` քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ աշխատատեղերի քանակը բավարար կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում: