կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-12 17:39
Քաղաքական

Հասկանում եմ՝ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել. Աճեմյանը՝ Փաշինյանին

Հասկանում եմ՝ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել. Աճեմյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ներդրումային և տնտեսական քաղաքականությանն առնչվող հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ մի շատ մտահոգիչ փաստ կա՝ միջազգային վերլուծաբանները հրապարակել են, որ երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով:

«Ես հասկանում եմ, որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ միջազգային վերլուծաբանների այդ հրապարակման մասին: Բացի այդ՝ օրեր առաջ ՌԴ-ում հանդիպել եք գործարարների հետ, և մամուլում հրապարակումներ եղան, որ մի շարք գործարարներ իրենց ակտիվները հանում են բանկերից: Դուք այնպիսի հայտարարություններ եք անում, որոնք վտանգում են ներդրումային դաշտը, իսկ տնտեսությունն առանց ներդրումների չի կարող շնչել: Արդյո՞ք Ձեր այդ հայտարարություններով, սպառնալիքներով չեք վտանգում մեր տնտեսությունը»,- հետաքրքրվեց Աճեմյանը:

 Փաշինյանը պատասխանեց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար ցանկացած երկրում կա երեք հիմնական խոչընդոտ՝  կոռուպցիան, մենաշնորհները-օլիգարխիան, կոռումպացված դատական համակարգը: «Կարծում եմ, որ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ և կարող ենք ասել, որ, ըստ էության, կոռուպցիան ջախջախված է ՀՀ-ում, մենաշնորհներ չկան, անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է: Հունիսին մենք ունեցել ենք 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1, և սա լուրջ ցուցանիշներ են: Բանկային համակարգում ավանդներն ավելին են, քան երբևէ, և վերջին ամիսներին մեր բանկային ակտիվներն աճել են շուրջ 100 մլն դոլարով»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով ՝ Աճեմյանի նշած երկրորդ եռամսյակի ամիսներին՝ մայիսից հունիս, մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցությունից, որոշել էին Հայաստանի բանկերից հանել իրենց գումարները, դրա համար էլ ստացվել են այդ ցուցանիշները: «Ես հավաստիացնում եմ, որ բոլոր այդ փողերը կգտնվեն ու հետ կբերվեն ՀՀ: Մեր հարաբերվելու հիմնական մեթոդը նաև քննադատությունները լսելն է, այնպես որ՝ ձեր ասածն ի գիտություն կընդունենք»,- հավելեց վարչապետը: