կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 19:05
Հասարակություն

Ուժեղ տնտեսությամբ ուժեղ ազգային ինքնատիպություն ունենալու բանաձևի դաշնակցական մոդելը

Ուժեղ տնտեսությամբ ուժեղ ազգային ինքնատիպություն ունենալու բանաձևի դաշնակցական մոդելը

Ամերիկացի քաղաքագետ Սեմուել Հանթինգտոնը, խոսելով Արևելյան Ասիայի տնտեսական զարգացման առանձնահատկությունների մասին, գրում է. «Տնտեսական հաջող զարգացումը հանգեցնում է ինքնավստահության և հաստատակամության աճի: Հարստությունը, ինչպես և ուժը, առաքինության ապացույց են, ինչպես նաև բարոյական և մշակութային գերազանցության արտահայտություն: Տնտեսապես ավելի հաջողակ դառնալուն զուգահեռ արևելաասիացիները չեն վարանում ընդգծել իրենց մշակույթի ինքնատիպությունը, ինչպես նաև գովաբանել իրենց արժեքների ու կենսաձևի գերազանցությունն արևմտյան և այլ հասարակությունների նկատմամբ»:

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը 1920 թ․ հունիսի 10-ին հաստատեց նախապես Խորհրդարանի կողմից ընդունված Հայաստանի անկախության փոխառության մասին օրենքի նախագիծը։ Օրենքը նախատեսում էր նորանկախ պետության արդյունաբերական ուժերը և տնտեսությունը վերականգնելու և հանրապետության թղթադրամի ֆոնդն ապահովելու նպատակով կազմակերպել հանգանակություն։ Ըստ օրենքի` նախատեսվում էր կնքել 20 մլն. ամերիկյան դոլարի անվանական գումարի պետական փոխառություն 6 տոկոսով: Փոխառության 75 տոկոսը հատկացվելու էր վերոհիշյալ նպատակին, իսկ 25 տոկոսը գործադրվելու էր պետական այլ կարիքների համար: Փոխառությունն արվելու էր 10 տարով Հայաստանում և արտասահմանում։ Փոխառությունն ապահովագրվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ գույքով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոխառության կտրոններն ազատվում էին ցանկացած տեսակի հարկերից և տուրքերից:

Փոխառության գործի կազմակերպումը վստահվեց նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին, ով այդ առաքելությամբ գործուղվեց արտասահման: Դաշնակցական Ա. Խատիսյանի թեկնածությունը անվարան պաշտպանեցին նաև մի շարք կուսակցություններ, չնայած այն հանգամանքին, որ նրանք հակասություններ ունեին կառավարող Հ.Յ.Դաշնակցություն կուսակցության հետ: Հայ Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Սոցիալ-Դեմոկրատ բանվորական կուսակցությունը, Հայ Ռամկավար կուսակցությունը, ինչպես նաև Անկուսակցականների միությունը՝ գտնելով, որ Հայաստանի անկախության փոխառությունը միանգամայն անհրաժեշտ է Հայաստանի ֆինանսական և տնտեսական բարելավման համար, ամեն կերպ պաշտպանեցին կառավարությանը այդ փոխառության իրականացման գործում և դիմեցին համայն հայությանը՝ առաջարկելով եռանդուն մասնակցություն ցույց տալ նրա տարածման մեջ։

Բոլորը քաջ գիտակցում էին, որ «Անկախության փոխառության» հաջողությունը Հայաստանի տնտեսական անկախության միակ երաշխիքն էր լինելու։

Կարող է տրամաբանական հարց հնչել, թե ի՞նչ կապ ունեն առանձին երկու վերագրյալներն իրար հետ: Միանգամից պատասխանեմ: Անմիջական կապ ունեն, և ահա, թե ինչու…

Երեկ Երևանում պաշտոնապես նշվեց ՀՅԴ հիմնադրման 131 ամյակը (միջոցառումը նախատեսված է եղել անցկացնել 2021 թ. աշնանը, սակայն որոշ հանգամանքների բերումով մի փոքր հետաձգվել էր): Դաշնակցության դավանած ազգային արժեհամակարգի մասին շատ բան է ասվել, խոսվել, գրվել: Այս օրերին նույնպես շատերն են արտահայտվում: Դաշնակցությանը հասարակությունը ապավինում է պատերազմի, ազգային արժեքներին սպառնացող վտանգներին դիմագրավելու պահին:

Սակայն Սամուել Հանթինգտոնի ձևակերպման մեջբերմանս նպատակն այն էր, որ համոզվենք, թե ինքպես է համաշխարհային քաղաքագիտական միտքն արձանագրում տնտեսական հզորության դերը ազգային ինքնատիպության պահպանման գործում:

Առաջին հանրապետության տնտեսական զարգացման վերաբերյալ ակնարկովս փորձեցի ցույց տալ, թե ինչքան էր առաջին հանրապետության ղեկավարումը ստանձնած Դաշնակցությունը կարևորում երկրի տնտեսության վերաշինումը, որն այդ պահին Ցարական Ռուսաստանի ծայրագավառ լինելու, համաշխարհային պատերազմի բերած ավերների պատճառով անտանելի ծանր վիճակում էր: Անկախության փոխառության նախաձեռնությունը, իմ սուբյեկտիվ կարծիքով, Դաշնակցության պետական կառավարման կարճ ժամկետի տնտեսական քաղաքականության ամենափայլուն դրսևորումն էր, բխում էր ոչ միայն կուսակցության դավանած ընկերվարական գաղափարախոսությունից, այլև նրա հետապնդած ուժեղ պետություն ունենալու անհրաժեշտությունից: Ցավոք, Դաշնակցության հետապնդած տնտեսական գաղափարախոսությունը, որի դրսևորման լավագույն օրինակներից մեկը 1920 թ. Անկախության փոխառությունն էր, հասարակությանը քիչ է հայտնի: Դրա մեղավորությունն ընկնում է նաև հենց Դաշնակցության վրա: Պետք է համոզիչ դարձնել ուժեղ տնտեսությամբ ուժեղ ազգային ինքնատիպություն ունենալու հանթինգտոնյան բանաձևի դաշնակցական մոդելը:

Հասարակությանը պետք է մատչելի ձևով ներկայացնել ոչ միայն Դաշնակցության հերոսական պատմությունը, հայրենիքի սահմանները և ազգային արժեքները պաշտպանելու անսահման նվիրումը, այլև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը: Դրանից շահելու ենք բոլորս, դրանով կարճեցնելու ենք դեպի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան կառուցելու չբեկանվող երազանքի ճանապարհը:

Շնորհավոր ՀՅԴ 131 ամյակը: 

 

Խաչատուր Ստեփանյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ,

պ.գ.դ., պրոֆեսոր