Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչնչից` մեծ աղմուկ: Yerkir.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց իր անվան շուրջ ստեղծված իրավիճակը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարինե Աճեմյանը, պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում պատգամավորը մշակույթի նախարարությունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշմանը, պատասխանել էր, որ դեմ է դրան, որովհետև մշակույթը շատ քաղաքային երևույթ է:
«Մշակութային կենտրոնը միշտ քաղաքային է եղել, ինքս համարում եմ, որ մշակույթն այն ոլորտն է, որը պետք է լինի քաղաքում` կենտրոնում»,- ասել էր պատգամավորը: Նրա այս մեկնաբանությունները բուռն հակազդեցություն են առաջացրել գյումրեցիների շրջանում: Մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը այսպես էր արձագանքել. «Ի՞նչ է անում այս կինը ՀՀ ԱԺ ում: Փառք Աստծո, Ձեր նմանները քիչ են: Շատ հետաքրքիր է՝ ո՞վ եք Դուք, որ համարձակվում եք Հայաստանում քաղաք համարել միայն Երևանը»:
Կարինե Աճեմյանը պարզաբանում է, որ ինքը, կենտրոն ասելով, նկատի է ունեցել մշակույթի կենտրոնները, ուր գալիս և կայանում են բոլոր արվեստագետները:«Ինչո՞ւ չեմ ասում`մշակույթը պետք է լինի մայրաքաղաքում, որովհետև Հայաստանի դեպքում մշակութային կենտրոնը համընկնում է մայրաքաղաքի հետ, իսկ օրինակ` Իտալիայում դա Հռոմը չի»,- ասաց նա` հավելելով, որ ինքը շատ լավ է տեղեկացված մշակութային ոլորտից:
Պատգամավորը նշեց, որ ինքը ընդհանրապես Գյուրիի անունը չի տվել, իսկ իր կարծիքը հայտնելիս էլ որևէ մեկին չի վիրավորել: Նրա խոսքով` թեև իրեն այս մի քանի օրվա ընթացքում շատ են վիրավորել, այնուամենայնիվ, ափսոսում է, որ մի քանի գյումրեցիներ նման կարծիքներ են հնչեցրել: «Ինչ-որ մի տղամարդ ինձ այդպես վիրավորում է` առանց հասկանալու, թե ես ինչի մասին եմ խոսել»,- ասաց պատգամավորը` շեշտելով, որ վիրավորվել է հատկապես Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակի արտահայտություններից:
«Իմ հասցեին ամբողջովին վիրավորանքներ տեսա: Իմ ասածը ներկայացրել են խեղաթյուրված, որովհետև ես երբեք ինձ թույլ չեմ տա ասել, որ Գյումրին քաղաք չէ, այլ գյուղ է: Նման բան չի կարող լինել»,- ասաց Կարինե Աճեմյանը: Պատգամավորը նշում է, որ հայերի ամենամեծ խնդիրն այն է, որ անհանդուժող են դարձել դիմացինի կարծիքի նկատմամբ: Նրա անձնական կարծիքով՝ մշակույթի նախարարությունը պետք է լինի Երևանում: Կարինե Աճեմյանը համարում է, որ, որպես պատգամավոր, հնչեցրել է իր սուբյեկտիվ կարծիքը:
Մեր այն դիտարկմանը, որ Գյումրին էլ կարող է հավակնել մշակութային կենտրոն լինելուն, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Իհարկե, կարող է: Բայց մենք նախ և առաջ պետք է մտածենք նրա մասին, որ մինչ այսօր դոմիկներում մարդիկ են ապրում: Աղքատ քաղաքում ավելի լավ չէ՞ ծախսեր անել անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար»: