կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-12 13:46
Քաղաքական

Իրենց հետևից մեծ բազմություն չի գնում, ծայրահեղ քայլերի են դիմում. Աճեմյանը` ԱԺ դահլիճում ակցիայի մասին

Իրենց հետևից մեծ բազմություն չի գնում, ծայրահեղ քայլերի են դիմում. Աճեմյանը` ԱԺ դահլիճում ակցիայի մասին

Մեր ընդդիմադիր գործընկերները տեղյակ չեն իրենց գործառույթներից, ԱԺ ամբիոնը պետք է օգտագործել տեղին և դրա բովանդակությանը համապատասխան իմաստով. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի իրականացրած ակցիային:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երեկ հրավառություն իրականացրեցին ԱԺ դահլիճում` հայտարարելով, թե ազատության ջահ են վառում:

«Համարում եմ, որ քանի որ իրենց հետևից շատ բազմություն չի գնում, իրենց խոսքն այսպես, թե այնպես մնում է օդում, ծայրահեղ քայլերի են դիմում»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ դա կարգի ու կանոնի խախտում էր:

Դիտարկմանը` ոչ մի տեղ սահմանված չէ, որ պատգամավորները կարգ են խախտել, և ըստ էության` նրանց ակցիան օրենքի շրջանակներում է, Աճեմյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` ԱԺ դահլիճն ու ամբիոնը ելույթների, դիրքորոշումներ հայտնելու վայր է և ոչ թե ինչ-որ հրավառության վայր: Մենք նոր կանոնակարգով վարչապետին ընտրելու ենք այստեղ, այսինքն` իրենց աշխատավայրն ԱԺ-ն է, և նրանք պետք է արտահայտեն հասարակության այն հատվածի դիրքորոշումը, որն իրենք ներկայացնում են, բայց քանի որ, կրկնում եմ, նրանց հետևից մեծ բազմություն չի գնում, նշանակում է,  որ այս բողոքող հատվածն այդքան էլ մեծ չէ, որ իրենք պատկերացնում կամ ներկայացնում են»: