կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-05 14:01
Իրավական

Կա ՍԴ որոշում, որ մեղադրյալի անձնագիրը վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել. Քոչարյանի պաշտպան

Կա ՍԴ որոշում, որ մեղադրյալի անձնագիրը վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել. Քոչարյանի պաշտպան

Դիմումները մուտք են արվել ԱԱԾ սահմանապահ զորքեր, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք կա որոշակի սահմանափակում սահմանը հատելու կապակցությամբ, և առնվազն մինչև երեկ երեկոյի դրությամբ դեռևս պատասխան չի եղել. լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով ՀՔԾ երեկվա որոշման մասին, ըստ որի՝ Քոչարյանի նկատմամբ սահմանվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ Քոչարյանը մի քանի օրով երկրից մեկնելու է, որից հետո պարզ դարձավ, որ նրա անձնագրերը գտնվում են վարույթն իրականացնող մարմնի մոտ:

Օրբելյանի խոսքով` ճիշտ է, իրենք դեռևս պատասխան չեն ստացել, բայց, հաշվի առնելով նախկինում առկա պրակտիկան, երբ սահմանափակումները կիրառվում էին նաև վկաների նկատմամբ, հավանականությունը մեծ է, որ կստանան պատասխան, որ, այո, կան սահմանափակումներ: «Եթե եղել են սահմանափակումներ, ապա գտնում ենք, որ դրանք ևս եղել են ոչ իրավաչափ, քանի որ անձի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, իսկ դա ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, անձը չուներ տեղաշարժվելու որևէ սահմանափակում: Առանց իրավական հիմքի որևէ խոչընդոտ նույնպես կլինի անձի՝ ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում՝ դրանից բխող մի շարք այլ հետևանքներով»,-ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում կա դրույթ, որ մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, սակայն այդ դրույթը, ՄԻՊ-ի դիմումի համաձայն, 2017-ին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: «Այսինքն՝ այդ դրույթը չի կարող կիրառվել, դրա մասին քննչական մարմնին հայտնի է: Քննչական մարմինը չունի որևէ իրավունք անձի անձնագիրը պահել իր մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց: ՄԻՊ-ն այդ հարցով դեռ 2017-ին դիմել է ՍԴ, և ՍԴ-ի որոշման համաձայն՝ այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը»,- շեշտեց փաստաբանը: