կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 18:15
Իրավական

«Սեքյուրիթի Դրիմ»-ի և «Էլլիպս Ջի Էյ»-ի գործով հետախուզվողները ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին

«Սեքյուրիթի Դրիմ»-ի և «Էլլիպս Ջի Էյ»-ի գործով հետախուզվողները ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով հետախուզվողները՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը, ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամնետի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ընթացքում նշված ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ առերևույթ հափշտակվել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենը, որոնց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, 2019թ. հոկտեմբերի 1-ին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսօրվա դրությամբ՝ քրեական գործով հինգ անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից մեկի նկատմամբ, ով հանդիսանում է ընկերությունների համահիմնադիրը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ընկերությունների երկու հաշվապահների նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: