կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-16 12:17
Քաղաքական

Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվեց

Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվեց

Կառավարությունն այսօրվա նիստում կրճատվեց Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով կառավարության որոշման նախագիծը, նշեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած օրը Երևան համայնքում կնշանակվեն և կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Պապիկյանի խոսքով` ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել 87 միլիոն 660 հազար դրամ և ընտրության օրը որոշվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, և ընտրությունների օրը նշանակվելու է այն հրապարակվելուց հետո՝ 30-40 օրյա ժամկետում:

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես պատրա՞ստ է ընտրություններին, նախարարը դրական պատասխան տվեց:

«Իսկ բարոյահոգեբանական առումո՞վ»,-ծիծաղելով հարցրեց վարչապետը:

«Կարծում եմ՝ այո»,- պատասխանեց Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ավագանին հրավիրել է ավագանու նիստ, որի ընթացքում ընդունել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշում: 2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով:

Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել: Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մշակվել էր «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: