Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՔ ԲԵՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին, ինչպես նաև ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԱՀԼԵՎՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս ոլորտում կիրառվող երկու կարևոր գործիքները` մաքսատուրքից ազատումը և ԱԱՀ հետաձգումը 3 տարով, վերաբերում են կոնկրետ ներդրումային ծրագրերին, երբ բիզնեսով զբաղվող կազմակերպությունները ներկայացնում են տնտեսության գերակա ոլորտում իրենց ծրագրերը` հայցելով կառավարությունից մաքսատուրքից ազատում կամ ԱԱՀ հետաձգում: Ներկայացնելով ընդհանուր տվյալներ, Արծվիկ Մինասյանը նշեց.
«Որպես կանոն, ներդրումային ծրագիրը կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտ պետք է լինի` արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, արտադրողականության բարձրացմանն ուղղված ոլորտներ: Երկրորդ կարևոր պայմանը, որ ներդրումային ծրագիրը պետք է պարունակի աշխատատեղերի քանակի մասին տվյալներ: Այսպիսով` 2016-ից ուժի մեջ մտած մաքսատուրքերից ազատման գործիքով հավանության է արժանացել 68 ծրագիր` 668 միլիոն դոլար ներդրումային ընդհանուր ծավալով, 6214 աշխատատեղերով: Մոնիթորինգը ցույց է տվել, որ այս պահի դրությամբ ստեղծված աշխատատեղերի թիվը 4045 են»:
Նախարարի խոսքով` նոր կառավարության կողմից վերջին երեք ամսվա ընթացքում հավանության է արժանացել 6 ծրագիր` 42 միլիոն դոլար ներդրումով, 12 միլիարդ դրամ արժեք ունեցող ներկրվող սարքավորումներով և 609 աշխատատեղով: Ինչ վերաբերում է երկրորդ գործիքին,3 տարով ԱԱՀ հետաձգմանը, նախարարը նշեց, որ նոր կառավարության կողմից հավանության է արժանացել 4 ծրագիր` 5,26 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալով, 1,86 միլիարդ դրամ արժեցող սարքավորումներով և 206 աշխատատեղով: Այսօրվա փաթեթով ևս 450 աշխատատեղ է ստեղծվում: Մասնավորապես` «ՌՈՔ ԲԵՐԻ» ՍՊԸ-ն, որը ջերմոցային տնտեսություններ է կառուցելու, 2,6 միլիարդ դրամի ներդրում է անելու` 60 աշխատատեղով ու 180 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի 90 տոկոսը արտահանվելու է ԵՏՄ անդամ երկրներ:
«ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍՊԸ-ն , որը սառնարանային պահեստներ է կառուցելու, նորարարական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի թարմ մրգերը պահպանելու է շատ ավելի երկար ժամանակով, կրկին արտահանելով ԵՏՄ անդամ երկրներ: Նախատեսվում է 10 միլիոն դոլար ներդրում` 100 աշխատատեղով ու 120 հազար դրամ աշխատավարձով:
«ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ն կկատարի 850 միլիոն դրամ ներդրում, 63 աշխատատեղով` 80 հազար դրամ աշխատավարձով: Հետագայում 20-ով կավելացնի աշխատատեղերն ու 120 հազար դրամով` աշխատավարձի չափը: Որոշումն ընդունվեց: