|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Aysor.am-ը գրում է. «Հաշվի առնելով Հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ինձ համար սպասելի էր դատախազության նմանատիպ որոշումը, Aysor.am-ի զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով դատախազության կողմից մի խումբ պատգամավորների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը մերժելուն:
«Բայց սպասելի չի նշանակում, որ հիմնավորված է, սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի սոտրագրությունը»,-ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ այն չակերտավոր «հիմնավորումները», որ տվել է ՀՀ գլխավոր դատախազությունը, իր համար հիմնավոր չեն։
«Երբ երկու-երեք պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը ու նրանք ազատության մեջ են հայտնվում, իսկ երկրի 2-րդ նախագահը, որը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ ու Ազգային հերոս, որը ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ, սա տարակուսելի է, սա անհիմն է»,-ասաց Է. Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց՝ կարծում է, որ գնալով հաստատվում է իր այն մտահոգությունը, որ Հայաստանում գործում է «զանգովի» ու «ընտրովի» արդարադատություն։
«Ամեն դեպքում, սպասենք դատարանի վաղվա որոշմանը»,- ասաց Է. Շարմազանովը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն կսպասի դատարանի վաղվա որոշմանն ու դրանից հետո կքննարկի հետագա գործողությունները։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ թե իրավական է, այլ՝ քաղաքական։
«ՀՔԾ պետի հայտարարությունները ուղղակի միջամտություն են իրավապահ մարմինների գործունեությանը, և ես կարծում եմ, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում մենք ունենում ենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ չէ լսել իր կարծիքից տարբերվող քաղաքական գործիչների կարծիքներ, սա է ամենավտանգավորը»,- ասաց Է. Շարմազանովը»։