Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտից ՀՅԴ պատգամավորության թեկնածուները քարոզարշավի շրջանում հանդիպումներ են ունեցել Արարատի մարզի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ: Ամփոփող հանրահավաքը տեղի ունեցավ Արտաշատ քաղաքի հրապարակում, որտեղ ելույթով հանդես եկան մարզի ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, ինչպես նաև Հայաստանի ՀՅԴ պատգամավորության թեկնածուները:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն իր ելույթում նշեց, որ մարզում տարբեր համայնքներում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, լսել են մարդկանց մտահոգությունները: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ գտնվում են հույսի և անորոշության խաչմերուկում: «Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժումից հետո մեր ժողովրդի մոտ իսկապես հույս է արթնացել, որ կարելի է երկրում դրական փոփոխություններն անշրջելի դարձնել և երաշխավորել բարեկեցիկ կենցաղ: Մեր երկրում տարիներ շարունակ կուտակված և դժգոհությունների պատճառ հանդիսացող հիմնախնդիրներն ի վերջո լուծում կստանան, բայց միաժամանակ անորոշության, որովհետև մարդկանց համար դեռ պարզ չէ, թե ինչպես, ինչ ճանապարհով պետք է կառուցենք մեր երազած նոր Հայաստանը: Հենց այս երկակի դժվար կացության մեջ է, որ տեղի են ունենալու Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները:
Կարծում եմ` բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ վերադարձ անցյալին չկա, անցյալի էջը փակված է մեկընդմիշտ, բայց անցյալի մերժումն ամենևին չի նշանակում երաշխավորված ապագա: Որպեսզի ունենանք երաշխավորված ապագա, նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչ ծրագրերով, մոտեցումներով և կադրերով ենք կառուցելու այդ ապագան: Այս առումով հրապարակում գտնվող քաղաքական ուժերի խոստումների պակաս չկա: Գուցե նաև դժվար է կողմնորոշվելը, բայց դրա համար կա մի պարզ ճանապարհ` բոլոր քաղաքական ուժերը ձեր աչքի առաջ են` համեմատեք և կտեսնեք: Համեմատեք և ձեզ համար պարզ կլինի` ով ով է, համեմատեք և կտեսնեք` ով ինչ է ասում»,- ասաց նա և հավելեց. «Ուզում եմ մի բան հստակ գիտակցենք` առաջիկա ընտրություններն անցյալը մերժելու մասին չեն, առաջիկա ընտրություններն ապագան կերտելու մասին են»:
Նա շեշտեց, որ հենց այդ պատճառով է, որ սխալվելու իրավունք չունեն: «90 –ական թվականներից ի վեր բազմիցս սխալ ընտրության արդյունքում մենք այսօր եկել և հասել ենք այս վիճակին, այլևս սխալվելու իրավունք չունենք: Ուշադիր հետևեք բոլոր քաղաքական ուժերին և եզրահանգումը ձեզ համար այդ պարագայում միանշանակ կլինի Դաշնակցության օգտին: Միշտ վստահ եղեք, որ ամեն պարագայում թե քաղաքացիական կյանքում, թե մարտի դաշտում ձեր կողքին միակ քաղաքական ուժը, որ եղել ու լինելու է, դա Դաշնակցությունն է: Դրա համար ձեզ կոչ եմ անում, որ Դաշնակցության որդեգրած կարգախոսը` «Հավատարիմ հողին ու հային», դարձնեք նաև ձերը»,- ասաց Համբարձումյանը:
Նրա խոսքով` Դաշնակցությունը միակ համահայկական ներուժ ունեցող քաղաքական ուժն է, և չկա երկրորդը: «Դաշնակցությունն ընտրարշավին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ հավատում է սոցիալիզմին և սոցիալական արդարությանը: Միակ քաղաքական ուժն է, որ երբեք համախմբված չի եղել անձերի շուրջ, չկա ուրիշ այդպիսի ուժ: Մեր ասածը երկու պարզ բան է` անվտանգություն և արդարություն: Անվտանգություն ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական իմաստով և արդարություն մրցակցության սոցիալական արդարության իմաստով: Շատ պարզ գաղափարներ, պարզ, բայց հիմնարար: Ամբողջ մեր ծրագրերը կառուցված են հենց այս հիմնարար սկզբունքների և գաղափարների վրա և 128 տարի անցնելով բազմաթիվ փորձությունների միջով` Դաշնակցությունը երբեք չի ընկրկել, դրոշակ չի փոխել, անուն չի փոխել, ծրագիր ու նպատակ չի փոխել: Դա է երաշխիքը, որ վաղը կիմանաք, թե ումից եք պահանջում, որովհետև յուրաքանչյուր դաշնակցականից առաջին պահանջատերը հենց Դաշնակցությունն է: Դուք այդ վստահությամբ կարող եք քվե տալ Դաշնակցությանը և իմանալ, որ միշտ կարող եք պահանջատար լինել»,- եզրափակեց նա: