Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության առաջարկներից է` խորհրդարան անցնելու շեմն իջեցնել մեկ տոկոսով. ԱԺ քննարկման ժամանակ ասաց կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Նրա ներկայացմամբ` կուսակցությունների համար անցողիկ շեմը նախկին 5-ի փոխարեն կլինի 4, իսկ դաշինքի դեպքում` 7-ի փոխարեն 6:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կցանկանա մասնագիտական փաստարկ լսել: «Խորհրդարանական երկրում գերադասելի է, որ խորհրդարանում լինեն հնարավորինս խոշոր ուժեր: Խոսքը կայուն մեծամասնությանը չի վերաբերում. ինչպես ցույց տվեց կյանքը կայուն մեծամասնությունը կարող է փլուզվել կարճ ժամանակում: Աժ-ում պետք է լինեն ոչ թե փոքրիկ, մասնատված խմբակցություններ, որոնց դժվար կլինի ձևավորել մեկ միասնական դիրքորոշում, այլ լինեն խոշորներ»,- ասաց նա:
Իոաննիսյանն էլ ասաց, որ ուսումնասիրել են աշխարհի ամենաժողովրդավար երկրների փորձը, և ամենաժողովրդավար 40 երկրում անցողիկ նվազագույն շեմը 3,9% է, ընդ որում` դաշինքների համար էլ: «Հայաստանյան իրողություններում բավականին լավ կլինի պետության համար, եթե խորհրդարանն առավել ներկայացուցչական լինի, ինչի մասին էլ ասվում է Սահմանադրության 89-րդ հոդվածում: Անցողիկ շեմն այս նորմը սահմանափակում է: Պետք է գնահատել` որտեղ է կայունության ոսկյա միջինը, և մեր գնահատմամբ` այդ ոսկյա միջինը ոչ թե 5 կամ 7-ն է, այլ 4,6-ը»,- բացատրեց նա:
Հարությունյանը դրանում վտանգավոր տենդենց է տեսնում: «Մենք կարող ենք վերցնել տարբեր երկրների ԸՕ-ները, տարբեր տեղերից մի հատված բերել, դա սխալ է: Եզրահանգումը, որ` վերցրել ենք ամենաժողովրդավար երկներից, և այնտեղ 3,9% է, այդ մոտեցումը, ճիշտն ասած, աընդուննելի եմ համարում` որպես փաստարկ, որովհետև կարելի է այնտեղ չափել` մարդկանց միջին բոյը որն է, և ասել` եկեք D վիտամիններ տանք այստեղի մարդկանց, որ բոյ քաշեն: Պետք է հասկանալ` դա՞ է ժողովրդավարության ամենակարևոր գործոնը: Մենք իսկապես խնդիր ունե՞նք փոքր ուժերն ավելի տրոհելու: Ինչքանո՞վ է ճիշտ ունենալ 7-ից ավելի փոքր ֆրակցիաներ, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Հայաստանի զարգացման տեսլականի տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետև ինչքան փոքրանում են ֆրակցիաները, այնքան հարցերի շուրջ կոնսոլիդացիա ավելի դժվար տեղի է ունենում»,- ասաց նա:
Իոաննիսյանն էլ հակադարձեց, թե Սահմանադրության 89-րդ հոդվածով և այլ կարգամավորումներով կայունությունն ապահովվում է: Հարությունյանն էլ ասաց, որ խոսքը կայունության մասին չէ, այլ առաջին հերթին` փոքրամասնության:
Ռուստամյանը հայտարարեց, որ եթե օրինակ է բերվում կայացած ժողովրդավարական երկրների փորձը, հենց այդ կասկածանքն է փարատվում, որ սխալ ճանապարհով չեն գնում: «Բոյն անմիջական կապի մեջ չէի դնի ժողովրդավարության հետ, բայց այդ իմաստով մենք չենք սխալվի, եթե միջինը 3.9-ը 4 դարձնենք, ի՞նչ մտահոգություն կա»,- ասաց նա:
Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ այն երկրներում, որտեղ իջեցրել են անցողիկ շեմը, կոռուպցիայի ու ժողովրդավարության վիճակն ավելի լավացել է: Ըստ նրա` այդ ուսումնասիրությունները կտրամադրի ներկաներին:
ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն էլ ասաց, որ խորհրդարանում կարելի է ունենալ անսահմանափակ թվով ֆրակցիաներ, բայց արդյո՞ք դա օգնելու է կառավարման գործընթացում, թե՞ հակառակը:
«Ես չեմ կարծում, որեթե մեկ տոկոսով շեմն իջեցվի, և խորհրդարանը լինի ավելի ներկայացուցչական, բազմակարծություն ապահովող, դրանից քաղաքական կայունությունը կտուժի»,- արձագանքեց Իոաննիսյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ ասաց, որ առիթ ունեցել է անդրադառնալու շեմի իջեցմանը: «Սկզբունքորեն վերապահում չունեմ շեմը մեկ տոկոսով իջեցնելու հարցում, եթե երկուսով էլ իջներ կամ բարձրանար, էլի ինձ համար էական նշանակություն չէր ունենալու, որովհետև համոզված եմ` այո, բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացվածությունը խորհրդարանում շատ լավ պատկեր կարող է լինել երկրի համար»,- ասաց նա և հավելեց, որ հասարակությանն ուղարկվող մեսիջի հիմքը չպետք է լինի այն, որ քաղաքական ուժերն արհեստականորեն անում են մի բան, որ հասարակությունն այս պահին իր քաղաքական ուժերի սեգմենտով չի հասունացել:
Ըստ նրա` փաստ չէ այն, որ եթե տոկոսն իջեցնեն, ապա վաղվա խորհրդարանում քաղաքական ուժերի թիվը լինելու է ավելի շատ, քան այսօր է: «Տոկոսի իջեցնելը չի լինելու երաշխիք, որ մենք խորհրդարանում ապահովելու ենք հնարավորինս շատ քաղաքական տեսակետներ, բայց ես կուզենայի, որ հասարակության փոխանացվող մեսիջը լինի ոչ թե մեխանիկորեն շատ խորհրդարանական ուժեր ունենալու տեսլականը, այլ ավելի տրամաբանական, ավելի արժեքավոր մի բան` երբ մի քանի քաղաքական ուժեր չեն հաղթահարում շեմը, առաջանում է X թվի քվե, որը տրվում է այն ուժերին, որոնց նրանք չեն տվել այդ քվեները: Ձայների փոշիացման դեմ պայքարի համար ուղղված` շեմի իջեցման մեջ տրամաբանություն տեսնում եմ»,- ասաց նա:
Իոաննիսյանն էլ ասաց, որ համակարծիք է այդ մոտեցմանը: «Պետք է գտնել ոսկյա միջինը: Խնդիրը ձայների փոշիացումն է, և այդ խնդրի լուծմանն էլ հենց միտված է այս փոփոխությունը»,- նշեց նա: