Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երրորդ նիստում քննարկվում են «Ծառուկյան» դաշինքի առաջարկները, որոնք ներկայացնում էր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրանց առաջարկներից էր, որ քարոզչության հավասար պայմաններ ստեղծվեն զորամասում, Հանրայինով բանավեճեր կազմակերպվեն, արգելվի համատիրություններին` իրենց տարածքները շտաբի վերածել, նաև արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին օգնելը և օգնել միայն տեղեկանքի դեպքում:
Բագրատյանի խոսքով` օգնելու ինստիտուտի մասին բոլորն էլ գիտեն` նախորդ ընտրություններին օգնելով ընտրել է 79 500 մարդ, այնինչ քաղաքացիների թիվը, ովքեր ունեն բժշկի տեղեկանք, մի քանի անգամ պակաս է: Ըստ նրա` դա օգտագործվել է այլ` ընտրությունը կեղծելու նպատակներով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ, ըստ աշխատանքի և սոցիալական ծառայության վարչության բաժնից ստացած տվյալների, նրանք, ովքեր կարիք ունեն, որ իրենց ուղեկցեն, 15 000-ի կարգի են:
Զոհրաբյանի ասածի հետ համաձայն չէին ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Նրանք արձագանքեցին, որ շատ են խնդիրներ ունեցողները, ովքեր ուղղակի գրանցված չեն: Բացի այդ, ըստ նրանց, գործող ԸՕ-ում արդեն իսկ կա մեկից ավելի ընտրողի օգնել թույլ չտալու պահանջը:
«Ելք»-ի ներկայացուցիչ Գեորգի Դոխոլյանը հավելեց, որ նախորդ ընտրությանն այնքան շատ էին օգնության կարիք ունեցող քաղաքացիները, որ ձանձրացել էին գրանցել: «Տոտալ գալիս էին` օգնությամբ ընտրելու համար»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ գյուղերում շատ կան դեպքեր, որ չեն գրանցվում տեղեկանք ստանալու համար: Նա շեշտեց միայն` մեկ ընտրողին օգնողը մեկից ավելի ընտրողի էլ չի կարող օգնել: «Ցավոք, իրավիճակն այդպիսին է, որ գյուղական վայրում բազմաթիվ մարդիկ կան, որ, ունենալով տեսողական խնդիրներ, բժիշկներին չեն այցելում, ակնոց չեն կրում` ցավոք, ֆինանսական վիճակից ելնելով, դրա համար եթե կարողացանք, պետք է օգտագործենք մեր առաջարկած սարքերը, որոնք հենց այդ հարցին էլ են պատասխան տալիս»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ բժշկի տեղեկանքի հարցում չեն կարողանում գտնել լավագույն լուծումը և պետք է դեռ քննարկել: