կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 13:25
Իրավական

Դատապարտյալը կեղծ տեղեկանքի հիման վրա անարգել դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից

Դատապարտյալը կեղծ տեղեկանքի հիման վրա անարգել դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատակիցների կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պատիժը կրում է բաց տիպի գոտում և իրավունք ունի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս գալ աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկին է ներկայացրել կեղծ տեղեկանք, որ, իբր, աշխատանքային օրերին ինքն աշխատում է ՍՊ ընկերությունում՝ իր սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար:

 

Այնուհետև ՍՊ ընկերության հետ դատապարտյալը կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատանքի չհաճախելու հիմքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնողն էլ, իր հերթին, օրենքով սահմանված ժամկետներում չի ստուգել դատապարտյալի աշխատանքի հաճախումները. դատապարտյալը մեկ տարուց ավել աշխատանքի չի հաճախել, բայց ներկայացված կեղծ տեղեկանքի հիման վրա անարգել դուրս է եկել քրեակատարողական հիմնարկի տարածքից:

 

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: