կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-28 16:04
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը

 Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը

Հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց հանգստյան սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության , ՀՀ ԱԻՆ մարզային  և Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, «Սևան»  ԱՊ տնօրենը, Սևանի քաղաքապետը:  

Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մի քանի օրից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք, որի դեպքում  և   ի հայտ են գալիս հասարակական կարգի պահպանման,  մարդկանց կյանքի անվտանգության ապահովման, առողջապահական, շրջակա միջավայրի մաքրության պահպանման և այլ խնդիրներ: Դրա համար հարկավոր է բոլոր ուղղություններում ապահովել հանգստյան սեզոնի անվտանգ ու պատշաճ սպասարկում:

«Սևան» ԱՊ տնօրենի ներկայացմամբ՝  հանգստյան սեզոնի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին՝ հանրային չորս լողափերում, որոնք պատրաստ կլինեն ընդունել հանգստացողներին: ՀՀ Ոստիկանության  և  ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի  մարզային  ստորաբաժանումների ղեկավարների զեկուցմամբ՝ իրենց ծառայությունները պատրաստ են՝ իրականացնելու հասարակական կարգի պահպանումը և հանգստացողների անվտանգությունը: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետն իր հերթին զեկուցեց հանրային լողափերում և Երևան – Սևան մայրուղու նախատեսված հատվածում շուրջօրյա  բուժսպասարկման հերթապահ կետեր տեղադրելու մասին: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ  քննարկվող հարցերի կողքին հարկավոր է  առանձնակի ուշադրություն  դարձնել  նաև շրջակա միջավայրի մաքրության պահպանման վրա՝ մշտապես ապահովելով աղբահեռացումը:

«Մենք սպասում ենք զբոսաշրջիկների և հովեկների մեծ հոսքի, որի համար անհրաժեշտ է պատշաճորեն կազմակերպել նրանց հանգիստն ու ժամանցը: Դա պետք է անենք համագործակցված և ամենօրյա աշխատանքով: Այս առումով համատեղ կկազմակերպենք շրջայցեր հանրային լողափերում և ջրային տարածքներում ու առաջացված խնդիրներին կտանք անհրաժեշտ լուծումներ:

Շատ  անհրաժեշտ է, որ Սևան քաղաքում հիմնվեն ժամանցի վայրեր, որպեսզի մի կողմից քաղաքը զբոսաշրջիկների ավելացող հոսքի հաշվին   զարգանալու հնարավորություն ունենա, իսկ հովեկներն ու զբոսաշրջիկները՝ ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման հնարավորություն»,- ասաց Գեղարքունիքի մարզպետ Իշխան  Սաղաթելյանը: 

 

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին