Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հուլիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին Գեղարքունիքի մարզում ամառային հանգստյան սեզոնի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Սևան» Ազգային պարկի տնօրենը, Սևանի ափամերձ համայնքների ղեկավարներ, ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համապատասխան կառույցների կողմից մարզպետին ներկայացվեց հանգստյան սեզոնի ընթացքում կատարված աշխատանքների ընթացքը հասարակական կարգի պահպանման, հանրային լողափերում անվտանգության ապահովման, աղբահանության կազմակերպման և բուժծառայությունների մատուցման ուղղություններում:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հանգստյան սեզոնի մեկնարկից մինչ այժմ կատարվել են որոշակի աշխատանքներ, սակայն այս պահին ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծումը պետք է գտնել համատեղ ուժերով և օպերատիվ կարգով:
«Այս խնդիրները օրերս քննարկվել են ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում: Մենք ստացել ենք երկարաժամկետ և կարճաժամկետ հանձնարարականներ: Մեր առջև առաջնահերթ խնդիր է դրված՝ պատշաճ ձևով կազմակերպել հանգստյան սեզոնը: Հիմնականում կարևորում եմ աղբահանության հետ կապված խնդիրը, որը, իրոք, մտահոգիչ է: Այս ուղղությամբ հարկավոր է ավելացնել տեխնիկական և մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մաքուր պահել շրջակա միջավայրը: Սա, իհարկե, ժամանակավոր լուծում է, որից հետո մենք պետք է ձեռնարկենք խնդրի արմատական լուծմանն ուղղված քայլեր: Պետք է մեզ հետ համագործակցված աշխատեն ոստիկանության մարզային վարչությունը, փրկարար ծառայությունը, «Սևան» ԱՊ-ն, տեղական ինքնակառավարման մարմինները»,-իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը: Հանդիպման ավարտին մարզպետն առաջարկեց հանգստյան գոտիներում համատեղ ուժերով հաճախակի կատարել շրջայցեր և նկատված խնդիրները կարգավորել տեղերում:
Առաջիկա շրջայցը ծրագրված է իրականացնել այս շաբաթ և կիրակի օրերին: