Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վերին Գետաշենում նախակրթարան բացելուց հետո սեպտեմբերի 19-ին այցելեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ եւս մասնակցեցին հերթական նախակրթարանի բացման արարողությանը:
Դպրոցի տնօրենը պատմեց, որ հատկապես խիտ բնակեցված բազմաբնակարան բնակելի շենքերի եւ հարակից տարածքների նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզ չլինելու պատճառով զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից: Իսկ այժմ արդեն, նրանք, շնորհիվ այս կառույցի, ունեն այդ հնարավորությունը: Դպրոցի առաջին հարկում հիմնված նախակրթարանն ունի առանձին մուտք, կահավորված 2 դասասենյակ, հանդերձարան եւ սանհանգույց: Այստեղ երկու հերթով նախադպրոցական կրթություն կստանան 30 սան: Նախակրթարանի հիմնումն իրականացվել է «Նախադպրոցական կրթություն» միկրոծրագրի շրջանակներում: Ծրագրի ֆինանսավորող կողմեր են հանդիսանում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը եւ Գավառի համայնքապետարանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 314 հազար դրամ: Դրամաշնորհային ծրագրում «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումը կազմում է 6 միլիոն 634 հազար դրամ, իսկ Գավառի համայնքապետարանը ներդրել է 2 միլիոն 680 հազար դրամ: Նախակրթարանի բացումից հետո իրենց տպավորություններով կիսվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Նախակրթարանները ստեղծվում են մարզպետարան-համայնք - նախարարություն եռակողմ համագործակցության արդյունքում, եւ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում նախակրթարաններ են բացվում, իսկ այս տարի դրանց թիվը 5-ն է:Դրանք գործելու են Վարդենիսում, Երանոսում, Լուսակունքում, Վերին Գետաշենում եւ Գավառում: Նման ծրագրերի իրականացմամբ մենք կարողանում ենք նաեւ մանկապարտեզների հետ կապված խնդրները որոշակիորեն լուծել եւ տարիքային այդ խմբի երեխաներին ուղորդել դեպի նախակրթարաններ: Ասեմ նաեւ, որ մարզում այս տարի եւս 12 մանկապարտեզ է կառուցվում, եւ բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների եւ նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Փորձը ցույց է տվել, որ բոլոր այն երեխաները, ովքեր մինչև դպրոց գնալը հաճախում են նախադպոցական ուսումնական հաստատություններ, նրանց մոտ կրթական գործընթացը շատ ավելի դյուրին է լինում եւ երեխաներն ավելի մեծ հաջողություն են ունենում ուսման ընթացքում: Եվ դա է պատճառը, որ ՀՀ կառավարության ծրագրում ունենք այսպիսի դրույթ, որ մինչեւ 2023 թվականը 3-6 տարեկան սաների 70 տոկոսը պետք է հաճախեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Գեղարքունիքի մարզում այս տարի հիմնած նախակրթարանները դպրոցների տարածքներում են, որտեղ վերանորոգման աշխատանքներն ընթանում են համաֆինանսավորման արդյունքում: Նախակրթարանների գործունեությունը հնարավորություն է տալիս 4-6 տարեկան սաներին ներգրավել նախադպրոցական կրթության գործընթացում: Նախակրթարաններ հիմնում ենք այն համայնքներում, որտեղ առկա է համաֆինանսավորում եւ որտեղ դրա կարիքը կա: Գեղարքունիքի մարզում նկատելի աճ է արձանագրվում ծնելիության առումով, եւ դրան զուգընթաց մենք պետք է արագ տեմպերով լուծում տանք նաեւ նախադպրոցական կրթության համակարգի ընդլայնմանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարԱրայիկ Հարությունյանը:
Նախակրթարանի բացման առթիվ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը գրքեր նվիրեց հյուրերին եւ դպրոցի տնօրենի անունից շնորհակալագիր՝Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ նախակրթարանի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար: