կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 23:16
Իրավական

Վերջին 5 ամսվա ընթացքում ՍԱՊԾ-ը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել

Վերջին 5 ամսվա ընթացքում ՍԱՊԾ-ը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:

Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող  1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել:

Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն:

Այդ դեպքից առ այսօր Ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել:

ՍԱՊԾ