կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 13:24
Հասարակություն

Բողոքի ակցիա` Երևանի կենդանաբանական այգու առջև. պահանջում են տնօրենի հրաժարականը

Բողոքի ակցիա` Երևանի կենդանաբանական այգու առջև. պահանջում են տնօրենի հրաժարականը
Երևանի կենդանաբանական այգու առջև բողոքի ակցիա է. այգու աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
 
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են` հայտարարվել էր,  որ կենդանասերների կողմից բարձրացված հարցերը պետք է քննարկման առարկա դառնան կենդանաբանական այգու տնօրինության կողմից, սակայն մինչ օրս որևէ խնդիր չի լուծվել: Նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել տնօրենի լիազորությունները, այգու կառավարման խորհուրդ ստեղծել ու անցկացնել տնօրենի թափուր պաշտոնի նոր ընտրություններ:
 
Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանի խոսքով` տնօրենն այգու կառավարման հարցերում մասնագետների կարծիքը հաշվի չի առնում: «Կարող եմ բերել օրինակներ` բեզոարյան այծի փախուստը գիտե՞ք ինչով էր պայմանավորված: Խնդիրն այն է, որ երբ գալիս է բեզոարյան այծերի զույգավորման շրջանը, մենք առանձնացնում ենք նրանց ու թողնում միայն մեկ արու, իսկ այս անգամ նման գործողություն չի արվել: Բնականաբար, ավելի ուժեղ արուները ճնշում են գործադրել թույլի վրա, նա էլ փախել է ու Մյասնիկյան պողոտայում վթարի ենթարկվել»,- ասաց Մանուկյանը: 
 
Նրա խոսքով` ինքն աշխատանքից հեռացվել է մի քանի օր աշխատանքից բացակայելու պատճառով: Այդ մասին իրեն տեղեկացրել է քարտուղարուհին. ծանուցագիր չի ստացել: