կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 15:07
Հասարակություն

Բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, ուր կտեղափոխվեն Գյումրիի կենդանաբանական այգու 3 առյուծները

Բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, ուր կտեղափոխվեն Գյումրիի կենդանաբանական այգու 3 առյուծները

Պաշտոնապես բացվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:

Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:

Վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում մարդկային գործունեության հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված (և/կամ վտանգ ներկայացնող) կենդանիներին զննելու է մասնագետների խումբը, որի եզրակացության հիման վրա, ըստ  անհրաժեշտության տրամադրվելու է  համապատասխան բուժօգնություն և խնամք: Դրան հաջորդելու է միջազգային ապաստարաններից կենդանիների վերադարձը վայրի բնություն:

Արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝ կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները:

Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ:

Կարանտինային կայանի կառուցման, ինչպես նաև առյուծների  կերակրման և խնամքի բոլոր ծախսերը հոգացել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS): Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի ևս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետև առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան:

Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, որն աամրագրում է վայրի կենդանիների միջև հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարման հարցում կողմերի պատրաստակամությունը: Ավելի վաղ համագործակցության հուշագիր էր ստորագրվել FPWC-ի և WVS-ի միջև

Վայրի բնության փրկարար կենտրոնը շարունակաբար իրականացնելու է նաև տեղեկատվական և կրթական արշավներ՝ ընդդեմ վայրի կենդանիների ապօրինի շահագործման և դրա հետևանքների: