կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 17:55
Իրավական

Շիրխանյանն ու այլ կալանավորներ մնացել են Կենտրոնի դատարանում` ցուցարարները փակել են մուտքը

Շիրխանյանն ու այլ կալանավորներ մնացել են Կենտրոնի դատարանում` ցուցարարները փակել են մուտքը

Երևանի Տիգրան Մեծի պողոտան, որտեղ տեղակայված է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը, շուրջ մեկ ժամ փակ էր: 2015թ. հոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատավարությունից հետո գործով ամբաստանյալների հարազատները, ի նշան բողոքի, փակել էին դատարանի մուտքը:

Գործով ամբաստանյալ Նելլի Մինասյանը Yerkir.am-ին պատմեց, որ ոստիկանները ուժի կիրառմամբ ամբաստանյալների հարազատներին հրեցին դատարանի շենքի առջևից, ինչին ի պատասխան` ցուցարարները բորբոքված փակել էին Տիգրան Մեծ պողոտան:

Մինասյանը նշեց, որ իրենք թույլ չեն տալու` շենքից դուրս բերեն ամբաստանյալներին: Նրա խոսքով` թույլ չեն տալու նաև դատարանից դուրս գան այս գործով դատավոր Արմեն Բեկթաշյանն ու դատախազը:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հեռախոսազրույցում հայտնել էր փողոցը փակելու պատճառների մասին, ինչին ի պատասխան ` Օսիպյանն առաջարկել էր բացել փողոցը և երեք հոգանոց պատվիրակությամբ գալ իր մոտ: Ոստիկանապետի հետ բանակցություններից հետո ցուցարարները հայտարարեցին, որ պատրաստակամ են բացել փողոցը:

«Մեր ոստիկանապետի խաթր եկեք բացել փողոցը»,- առաջարկեց ամբաստանյալների հարազատներից մեկը:

Առաջարկը միանշանակ ընդունվեց, և ցուցարարներն անմիջապես բացեցին փողոցը:

Հիշեցնենք, որ այօրվա դատական նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն ու նախկին ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համար: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից Ալիկ Սարգսյանը:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը պարզաբանեց, որ նշված միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է երկու պատգամավորների ներկայությունը: Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունն ապահովելու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ ուրբաթ: Դատավորի որոշումը վրդովեցրեց ամբաստանյալների հարազատներին, ինչից հետո բարձրացավ բողոքի ալիքը: