Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց փոխել Նորք-Մարաշի հանցախմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։
Երկուսուկես տարի կալանքի տակ գտնված նախկին պաշտոնյան ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Շիրխանյանի համար երաշխավորագիր էին ստորագրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը: Մեղադրող դատախազը չէր առարկել ներկայացված միջնորդության դեմ։
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրանքի, Վահան Շիրխանյանը 2015թ. մայիսից, անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ համաձայնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարված հանցավոր համագործակցությանը:
Մասնավորապես` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: