Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ–ՀՀԿ համագործակցությանը, ասում է, որ ցանկացած համագործակցություն կարող է հիմնավորվել և բացատրվել: Իսկ արդարացված էր այն, թե` ոչ, ըստ նրա, արդեն ժամանակը ցույց կտա։ Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կարևոր նախապայման են մեր խնդիրները հաջողությամբ լուծելու համար, այդ փոփոխությունները, պատկերավոր ասած, մեր հասարակությանը օժտեցին առկա խնդիրների լուծման համապատասխան գործիքով` առկա իրողություններին արդյունավետ արձագանքելու։ Սպարտակ Սեյրանյանը նաև նշում է, որ «մենք ունենք անսպառ ռեսուրս` դա մեր երկրի քաղաքացիների ստեղծագործ ներուժն է, հետևաբար հարկ է ստեղծել այդ ներուժի ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման համապատասխան պայմաններ»։
- Մի քանի օր առաջ «168 ժամ» թերթում տպագրված` Ձեր «Համախմբման հրամայականը» վերնագրով հոդվածում Դուք առաջ էիք քաշել պետական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների խնդիրները, բայց առաջին հայացքից այն կարծես նաև ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը արդարացնելու միտում ուներ։
- Ցանկացած համագործակցություն կարող է հիմնավորվել և բացատրվել: Իսկ արդարացված էր այն, թե` ոչ, արդեն ժամանակը ցույց կտա, դատել կարելի է միայն այդ համագործակցության արդյունքներով: Ընդհանրապես, քաղաքական ուժերի համագործակցության մեջ ոչ թե արդարացում պետք է փնտրել, այլ պատասխանել հետևյալ հարցերին. այդ համագործակցությունը ծրագրային հիմքեր ունի՞, համագործակցությունը միտված է երկրի ու ժողովրդի հիմնախնդիրների առավել արդյունավետ լուծմա՞նը, համագործակցությունը առկա հասարակական-քաղաքական իրավիճակի դրական տեղաշարժի ներուժ պարունակո՞ւմ էր և այլն: Եվ եթե այդ հիմքերն առկա են, ապա հարկավոր է ոչ թե արդարացում փնտրել համագործակցելու համար, այլ արդարացում գտնել նմանօրինակ համագործակցությունից հրաժարվելու համար:
- Ներկա իրավիճակում որպես համակարգային փոփոխությունների լուծման ճանապարհ առաջարկում եք, պատկերավոր ասած, «ֆորմատ» անել համակարգը, «ռեստարտը» համարելով անարդյունավետ միջոց։
- Համակարգային փոփոխությունների ցանկացած ճանապարհի, մեթոդի կիրառումը ճաշակի կամ նախասիրության հարց չէ: Խնդրի լուծման մեթոդաբանությունը կախված է խնդրի բնույթից: Այլ կերպ ասած` խնդիրը, դրա լուծումը և այն իրականացնողը պետք է նույն հարթությունում լինեն, համապատասխանեն միմյանց: Համակարգային փոփոխությունների ժամանակ հնարավոր չէ բարդ խնդիրների համար պարզ լուծումներ առաջարկել և հակառակը` պարզ խնդիրների համար կիրառել խճողված, արհեստականորեն բարդացված լուծումներ: Հաջորդը. եթե որևէ խնդիր տևական շրջան փորձում ենք լուծել նույն մեթոդով ու արդյունքը բավարար չէ, ապա, գուցե, իմաստ ունի՞ մեթոդը փոխել: Երբ նույն գործողությունը բազմիցս կրկնում ես ու ստանում միևնույն արդյունքը, ապա որքանո՞վ է տրամաբանական փորձել մի անգամ ևս նույն գործողությունը կատարել ու ակնկալել որակապես այլ արդյունք: Այս առումով, պատկերավոր ասած, «ֆորմատի» անհրաժեշտությունը բխում է համակարգի աշխատանքի արդյունավետության հրամայականից և այն մարտահրավերների բնույթից, որոնք առկա են այսօր ու կարող են առաջանալ վաղը:
- «Համակարգի կայունությունն ու զարգացումը պայմանավորված են ժամանակի թելադրած արտաքին ազդակների ու մարտահրավերների բազմազանությանը ներքին պատասխանների համարժեք բազմազանությամբ հակակշռելու համակարգի կարողականությամբ» . ձեր հոդվածում նշված քաղաքագիտական այս բանաձևը Հայաստանի հանրապետության 25 տարիներին երբևէ կիրառվել է՞, և արդյոք արդեն ուշացած չենք պետությունների մրցապայքարում։
- Քաղաքագիտական այդ բանաձևն ունիվերսալ է. այն աշխատել ու աշխատում է ցանկացած համակարգի համար` սկսած ամենափոքր օղակից մինչև միջազգային միավորներ: Բայց որևէ բանաձևի կիրառում, առավել ևս` կառավարման համակարգի պարագայում, ենթադրում է ոչ թե մեխանիկական պարզունակ կրկնօրինակում, այլ տեղայնացում` իմպլեմենտացիա: Եվ մի շատ կարևոր կանոն հարկ է հաշվի առնել. չի կարելի որևէ բանաձևի, համակարգի, մեթոդի, սկզբունքի ամբողջական տրամաբանությունից վերցնել առանձին` դուրեկան, հարմար, հեշտ կիրառելի կամ այլ նախապատվությամբ պայմանավորված ընտրված հատվածներ իսկ մյուսները չկիրառել և ակնկալել դրական արդյունք: Այդպես չի լինում, այդպես պարզապես չի կարող լինել: Եվ նման պարագաներում առավել քան անիմաստ է կասկածել բուն բանաձևի, մեթոդի կամ սկզբունքի արդյունավետության վրա: Գուցե վիճելի հնչի, բայց կարծում եմ՝ պետք է ոչ թե պայքարել հին համակարգերի դեմ, այլ պետք է ստեղծել նոր մոդելներ, իսկ հինը պարզապես ինքնաբերաբար դուրս կմղվի: Իսկ ինչ վերաբերում է անցած տարիներին այդ բանաձևի կիրառմանը մեզանում, ապա կարծում եմ՝ խնդիրը հենց այդտեղ է. առանձին տարրեր կիրառվել են, բայց ամբողջությամբ` երկրի ու հասարակության բնականոն կենսագործունեության ու շարունակական զարգացման տրամաբանությունից բխող ընդգրկումով ու արագությամբ չեն իրագործվել: Այդ իսկ պատճառով ունենք հիմնախնդիրներ, որոնք ոչ այնքան և ոչ միայն արտաքին ազդակներով ու ժամանակի պահանջներով են պայմանավորված, այլև մարտահրավերների բազմազանությանը պատասխանների համարժեք բազմազանությամբ հակակշռելու համակարգի կարողականության աստիճանով: Պետությունների մրցապայքարում ուշացած կամ ոչ ուշացած չեն լինում, լինում են այդ պայքարի տրամաբանության մեջ տեղավորվող մասնակից պետություններ և «դիտորդներ»: Արդի ժամանակաշրջանը բնութագրվում է մրցակցության բոլորովին նոր չափորոշիչներով` մարդկային ռեսուրսների մակարդակի, որակի, կազմակերպվածության, նոր խնդիրների լուծման ունակության, ոչ գծային` ասիմետրիկ մոդելների կիրառման կարողականության խնդիրներն ավելի են կարևորվում, քան օգտակար հանածոների առկայությունը: Այս իմաստով մենք ունենք անսպառ ռեսուրս` դա մեր երկրի քաղաքացիների ստեղծագործ ներուժն է: Հետևաբար` հարկ է ստեղծել այդ ներուժի ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման համապատասխան պայմաններ, մթնոլորտ, գործիքակազմ:
Մանրամասն` սկզբնաղբյուրում