կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 13:28
Քաղաքական

Եթե Արցախը չկա, չի կարելի խոսել բանակցությունների մասին. Արմեն Ռուստամյան

Եթե Արցախը չկա, չի կարելի խոսել բանակցությունների մասին. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ադրբեջանը միայն մի ձևով է պատկերացնում հարցի լուծումը`ինքը ոչ մի զիջում չի անում, բայց հարցը կարգավորվում է: Ըստ նրա` Ադրբեջանն ամեն անգամ հանդիպումների ժամանակ բախվում է պատին և վերադառնում է իր ելակետին:

«Այսինքն` Ադրբեջանը հարցը փորձում է լուծել ուժային միջոցներով, պատերազմով, շանտաժի լեզվով, նա այլ բան չի տեսնում: Շատ հստակ է` կա'մ բանակցում ենք, կա'մ պատերազմում ենք: Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, որն անհնար է: Բնական է, որ մեր կողմից էլ արձագանքը շատ հստակ պետք է լինի`մենք երկու դաշտում էլ պետք է աշխատենք, երկուսին էլ պետք է պատրաստ լինենք»,- ասաց Ռուստամյանը:

Դիտակմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը շատ լավատեսորեն էր տրամադրված, պատգամավորն արձագանքեց. «Ես անձամբ հանդիպմանը չեմ եղել, բայց կարծում եմ, որ լավատեսության հիմքն այն է եղել, որ հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքն այլ է եղել»:

Ռուստամանը շեշտեց, որ Ադրբեջանի նախագահը հանդիպումների ժամանակ միշտ այլ պահվածք է դրսևորում, իսկ հանդիպումներից հետո վերադառնում է իր ելման կետին, և Ադրբեջանի նման պահվածքին պետք է արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ համանախագահները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը: «Համանախագահները պետք է սրանից եզրակացություն անեն, որ Մինսկի խմբի ունեցած մանդատի մեջ մտնում է նաև գլխավոր հարցը՝ ապահովել խաղաղ բանակցությունները, ինչը հիմա չի հաջողվում»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` հանդիպումները բանակցությունների հետ նույնականացնելը սխալ է: Նրա կարծիքով՝ բանակցությունն այն ժամանակ է, երբ բոլոր կողմերը ներկա են սեղանի շուրջը, սակայն բանակցող կողմերից մեկը՝ Արցախը, բանակցային սեղանի շուրջը չէ:

«Եթե Ղարաբաղը չկա, չի կարելի խոսել բանակցությունների մասին, էլ ուր մնաց, որ Ադրբեջանը պահանջում է սուբստանտիվ բանակցությունների վերաբերյալ գործընթաց: Այսինքն՝ Ադրբեջանը բանակցությունները ձախողում է, բայց խոսում է բանակցությունների օրակարգի մասին: Այս աննորմալ վիճակը պետք է դառնա քննարկման առարկա Մինսկի խմբում»,- եզրափակեց Ռուստամյանը: