Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մենք չենք ուզում ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածել դպրոցներում և բուհերում, բայց ամեն դեպքում բոլորը պետք է իմանան, որ այլևս օրենքը գործում է, և խախտումների դեպքում համապատասխան գնահատական և ընթացակարգեր կլինեն. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ունի նամակներ, որտեղ կոնկրետ փաստեր են կոռուպցիոն մեխանիզմների մասին:
«Դրանք հանձնվելու են իրավապահներին: Տարբեր տեղերում անցկացվում են աուդիտ ստուգումներ: Կան խնդիրներ, եթե վերջնական լինեն, կուսումնասիրենք և նոր իրավապահներին կհանձնենք դրանք»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ընտրություններին տնօրենների միջամտությանը և հնարավոր միջամտությանը արտահերթ ընտրություններին` նա նշեց, որ այնքան էլ հեշտ գործ չէ դա բացառելը: «Իհարկե, երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով՝ իշխանությունների մոտ դա վերացնելու քաղաքական կամք կա, դա էլ է ազդում նման երևույթների վրա: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղերում կարձանագրվեն նման դեպքեր արտահերթ ընտրություններում»,- ասաց Հարությունյանը:
Հարցին՝ հանրապետական ուսուցիչներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, արդյո՞ք նրանք կհեռացվեն, նախարարն արձագանքեց. «Որևէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Կուսակցական պատկանելությունը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, այստեղ որևէ մեկը նման քայլի չի կարող դիմել, եթե տվյալ անձը օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով ՀՀԿ անդամ է»:
Իսկ թե ո՞վ է լինելու փոխնախարարը, Հարությունյանն ասաց, որ չի բարձրաձայնի, քանի որ մի քանի անձանց անուն է քննարկվում: Նա ընդգծեց, որ նախկինում մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել, սակայն կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա այդ գործընթացների հետ: