Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երեկ գիշերվանից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել Ստեփանակերտում:
Մարդիկ բողոքում են ուժային կառույցների ամենաթողության դեմ: Ամեն ինչ սկսվել է երեկվանից, երբ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Տուժածների հարազատները փողոցներ են փակել՝ պահանջելով արդարություն: Տիգրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։
Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածների հարազատներն ու ընկերները վրդովված այս միջադեպից, երեկոյան իրենց ավտոմեքենաներով փակել են Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը։ Մարդիկ պահանջում են ձերբակալել քաղաքացիներին ծեծի ենթարկած հատուկ ջոկատայիններին:
«Բողոքողների մոտ բանակցելու էին եկել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Արայիկ Հարությունյանը հավաքված մարդկանց փոխանցեց Բակո Սահակյանի հավաստիացումն այն մասին, որ մեղավորները պատժվելու են, սակայն մարդիկ դեռ մի քանի ժամ չէին ցրվում ու փողոցը չէին բացում։
Միայն գիշերվա մեկի կողմերը համաձայնություն ձեռք բերվեց, որ փողոցը բացվում է և իշխանություններին մինչև 11։00 ժամանակ է տրվում, որ ծեծին մասնակցած հատուկ ջոկատայինները ձերբակալվեն։ Պահանջը չկատարվելու դեպքում փողոցը կրկին փակվելու է։ Ծեծի ենթարկվածներից մի հոգին ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Նելսոն Մինասյանի ազգականն է։ Մինասյանը հավաքված մարդկանց անունից գլխավոր բանակցողն էր։
Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԱԾ սպեցնազը տարբեր մարդկանց ծեծի է ենթարկում ու ահաբեկում։ Կարծում եմ` այն պարզապես պետք է ցրվի կամ փոխանցվի բանակի ենթակայության տակ։ Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարությունը ևս պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոններից»,- գրել է Տիգրան Գրիգորյանը: