կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 20:04
Քաղաքական

Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը. Իվետա Տոնոյան

Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը. Իվետա Տոնոյան

Որեւէ դեպքում, որեւէ իշխանություն չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրներն ինչ էլ քննարկեն, ինչպես էլ համախմբվեն, արդյունքում Սերժ Սարգսյան է ծնվելու։

«Ծանոթ չեմ այդ հայտարարությանը, հետևաբար չեմ արձագանքում»,-նշեց Տոնոյանն ու անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ընդդիմության ուղղված հայտարարությանը։

«Ինձ համար շատ տարօրինակ էր նաեւ վարչապետի հայտարարությունը կուսակցությունների հետ կապված, որով հորդորուոմ էր իշխանության ներկայացուցիչներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որ այս կամ այն կուսակցությունը, այս կամ այն քրեական գործի շրջանակներում, ինչ որ առնչություններ ունի, որպեսզի նրանց գործունեությունը դադարեցվի։ Ճիշտն ասած ես չէի պատկերացնում, որ մենք այլեւս բռնապետության կամ ֆաշիզմի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հնարավոր է նման գործընթացներով հանդես գալ կուսակցությունների նկատմամբ կամ կուսակցությունները փակելու հրապարակային կոչով հանդես գալ երկրի թիվ 1 ամբիոնից. կարծում էի, որ անցել են այդ ժամանակները»,– ասաց Տոնոյանը։

Ո՞ւմ է փոխանցվելու Գագիկ Ծառուկյանի մանդատը հարցին ի պատասխան Տոնոյանը նշեց. «Պարոն Ծառուկյանի մադատը, որեւէ մեկին չի փոխանցվելու, որովհետեւ պարոն Ծառուկյանը շարունակում է լինել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար»։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը կփոխի ԲՀԿ-ի ծրագրերը նա պատասխանեց. «Պարոն Ծառուկյանն ասել է, անգամ եթե ինձ կալանավորեն, անգամ եթե ես չլինեմ ձեր կողքին, միեւնույն է՝ դուք շարունակելու եք մեր սկսած պայքարը։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը վստահաբար որեւէ բան մեր երկրում չի փոխելու։ Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ այս ամենը կոնկրետ երկրի բազմաթիվ ոլորտներում իշխանությունների ձախողումներից եւ տապալումից հանրության ուշադրությունը շեղելու նպատակ էր հետապնդում, սակայն այս ամենն էլ է ժամանակավոր»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր քննվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: