Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 7-ին Վանաձորում կմեկնարկի «Կինոաշուն» 5-րդ ազգային կինոյի ծրագիրը: Այն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-րդ հոբելյանին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ ծրագիրն արդեն դարձել է ամենամասշտաբայինը իր միջոցառումներով և աշխարհագրությամբ:
«Այն ներառում է բոլոր մարզերը, զորամասերը, ուսումնական հաստատությունները. շուրջ 150 կինոդիտումներ են նախատեսված հանրապետության մարզերում և համայնքներում: Այս տարի ցուցադրություններ կլինեն նաև սահմանամերձ գյուղերում` Այգեպարում և Երասխում»,- ասաց Պողոսյանը:
Ի դեպ, սահմանամերձ գյուղերում կլինեն բացօթյա ցուցադրություններ, քանի որ տեղում տեխնիկական միջոցներ չկան: Պողոսյանը նշեց նաև, որ «Կինոաշունը», լինելով 5-րդը, արդեն ապացուցել է իր կարևորությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն էլ նշեց, որ եթե նախկինում բավական բարդ էր ցուցադրություններ կազմակերպել, ապա այժմ բոլոր մարզերից են զանգահարում և առաջարկում իրենց մոտ ցուցադրություններ անել: Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ «Կինոաշնան» շրջանակներում կանցկացվեն հանդիպումներ, կլոր-սեղաններ, կիրականացվեն կրթական ծրագրեր:
Ծրագիրը կմեկնարկի Փարաջանովին նվիրված ու Վանաձորի արդյունաբերական կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ցուցադրմամբ:
«Ուրախ եմ, որ հայկական կինոն դառնում է սպասելի ամբողջ հանրապետությունում, հատկապես, որ այն սպասելի է մարզերում ու զորամասերում»,- նշեց Գևորգյանը:
«Կինոաշուն»-ը նախորդ տարիների պես միաժամանակ կանցկացվի մարզերում և Երևանի համայնքներում՝ բազմազան կինոծրագրերով: Բուհերի համար հատուկ ընտրվել են վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը, որոնց համար կհայտարարվի «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը: Արդեն երկրորդ անգամ «Կինոաշուն» ծրագրի շրջանակում կհայտարարվի «Հին և նոր երևանցի» թեմայով 7-10 րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթ: Այս անգամ ևս կնշվեն անվանի կինոգործիչների՝ Առնոլդ Աղաբաբովի, Բագրատ Հովհաննիսյանի, Գենադի Մելքոնյանի, Արման Մանարյանի հոբելյանները. կլինեն նրանց ֆիլմերի հետահայաց ցուցադրությունններ:
«Կինոաշնան» փակումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Արարատի մարզում: