Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակում է հակակոռուպցիոն եւ պետական կառավարման համակարգի ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ ներկայացնում վերջին շրջանում կատարված աշխատանքները:
Մասնավորապես՝
2017թ. հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն ՀՀ-ում առաջին անգամ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Ի տարբերություն գործող հակակոռուպցիոն մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն աշխատակազմ, ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեից, օժտված է լինելու անկախության երաշխիքներով:
2017 թ. հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը (բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության քննիչները, Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները), հստակեցվել է փոխկապակցված անձանց շրջանակը, ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը, ինչի արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը:
2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը եւ հարակից օրենքները, որի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաեւ գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ), ինչը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
2017 թ. հունիսի 9-ին ընդունվել է «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի համաձայն բարեփոխվել է հանցագործությունների վիճակագրության համակարգը:
2017թ. հունիսի 9-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածը (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը) համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:
Ձեւավորվում են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող մեխանիզմները: ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ 2017 թ. հուլիսի 31-ին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան հետ ստորագրվեց «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս իրականացվում են ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավներ: Իրականացված միջոցառումների արդյունքում կբարձրացվի քաղաքացիական հասարակության եւ հանրային իրազեկվածության մակարդակը՝ «Ազդարարման համակարգի մասին» օրենքի հիմնական սկզբունքների, կարգավորումների եւ նպատակի վերաբերյալ:
Մեկնարկել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը:
2017 թվականի հոկտեմբերի 30-ին մեկնարկել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 4-րդ փուլը: Նշված փուլի շրջանակներում Հայաստանին ներկայացվել էր հարցաշար եւ իրավիճակը տեղում գնահատելու նպատակով 2018 թվականի մարտի 12-ից 16-ը Հայաստանում է գտնվել ՏՀԶԿ մոնիթորինգային խումբը: Այցի արդյունքում առաջացած մի շարք հարցերի պարզաբանման նպատակով ՏՀԶԿ քարտուղարության կողմից Հայաստանին է ներկայացվել լրացուցիչ հարցաշար: Ներկայումս հարցաշարը վերջնականացվում է: Հատկանշական է, որ վերջնական գնահատումն իրականացվելու է 2018 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակում Փարիզում:
2017 թվականի դեկտեմբերին, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հերթական 78-րդ լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության զեկույցը, որի արդյունքում Հայաստանին տրված 18 հանձնարարականներից 17-ով գրանցվել է առաջընթաց:
2018 թվականի մարտի 15-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Ներքին եւ արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման եւ ձեւակերպման օրինակելի ձեւը, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» N 272-Ն որոշումը:
2018 թվականի ապրիլի 12-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատելու մասին» N 439-Ն որոշումը:
ՀՀ արդարադատության նախարարության մասնակցությամբ մշակվել եւ 2018 թ. մարտի 29-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» նոր օրենքը, որով հստակեցվել է պաշտոնների դասակարգումը, կատարելագործվել են հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության, շահերի բախման, հայտարարագրման համակարգերը:
Ներկայումս մշակվում է հանրային իրազեկման արշավի բազմակողմանի եւ համապարփակ ծրագիր՝ ուղղված հանրության իրազեկմանը հակակոռուպցիոն միջոցառումների, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման եւ բողոքարկման մեխանիզմների, պետական մարմնի հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ: