կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-04 13:36
Քաղաքական

Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում. Շիրակի մարզպետը հրավիրել էր հրաժեշտի ասուլիս

 Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում. Շիրակի մարզպետը հրավիրել էր հրաժեշտի ասուլիս

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հրաժեշտի ասուլիս է անցկացրել լրատվամիջոցների հետ: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը մարզպետն հանդես է եկել հրաժեշտի ուղերձով.

«Հարգելի ու իմ շատ սիրելի շիրակցիներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու մասնագիտական արհեստավարժության իմ սկզբունքներին ու պատկերացումներին համապատասխան: Այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչև վերջ:

Տասնմեկ ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի` հայտարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել, եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել «աղետի գոտի» պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ: Ինչ որ բան հաջողվեց, ինչ որ բաներ` չհասցրեցինք: 

30 տարիների փլատակ «Շիրակ» հյուրանոցը վերակառուցվում է: Շուտով կավարտվի Տեքստիլագործների ակումբի վերանորոգումը: Փորձագիտական գնահատման փուլին են հասել Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` Ամասիա և Սարապատ համայնքներում ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը, Ախուրյանում կոմունալ սպասարկման տեխնիկայի ձեռքբերման ծրագրերը: Համայնքային նշանակության մոտ մեկ տասնյակ ծրագիր դեռ քննարկման փուլում է: Մարզի մի քանի տասնյակ դպրոցներում թարմացվել է համակարգչային պարկը: Ընթացքի մեջ է Շիրակի ազատ տնտեսական գոտու հիմնան ծրագիրը: 

Ամուր հիմքերի վրա ենք դրել մարզի զբոսաշրջության զարգացման գործընթացը: Ապրիլին մարզ պետք է այցելեին Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Լիահույս եմ, որ այդ այցը դեռ կկայանա: Ամռանը նախատեսել ենք մի քանի խոշոր միջոցառում, որոնք Շիրակը մեկընդմիշտ կդիրքավորեն, որպես զբոսաշրջային կենտրոն: Քննարկման փուլում է Արփի լճի շրջակայքում զբոսաշրջային կենտրոնի կառուցման ծրագիրը: 

Տեղեկատվական տեխնոլոգիաները նույնպես միշտ գտնվել են ուշադրությանս կենտրոնում: Մարզում կազմակերպեցինք ՏՏ ոլորտին նվիրված աննախադեպ խորհրդաժողով: Մշտական քննարկումների և նոր լուծումների փնտրտուքի մեջ ենք եղել մարզի, հանրապետության և արտերկրի ՏՏ կենտրոնների հետ` կապված մարզի տնտեսության տարբեր ճյուղերում նոր տեխնոլոգիաների կիրառման արմատավորման խթանման հետ: 

Սակայն, թերևս ամենակարևորը, կարողացանք փոխել մարզպետարանի աշխատանքի ոճը` աշխատեցինք ավելի պրոֆեսիոնալ, դարձանք ավելի թափանցիկ ու հասանելի մեր քաղաքացիների համար: Միգուցե ես շատ պահանջկոտ եմ եղել իմ գործընկերների նկատմամբ, բայց ինքս ինձանից տասնապատիկ ավելի պահանջկոտ եմ եղել: Անմնացորդ ներդրել եմ իմ ուժն ու եռանդը, գիտելիքներն ու փորձը` պետական ծառայողի իմ պարտքը լավագույնս կատարելու համար:

Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետարանի ողջ անձնակազմին, համայնքների ղեկավարներին, կառավարության գործընկերներին, գործարարներին, հասարակական կազմակերպություններին, արվեստագետներին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ու միջազգային կազմակերպություններին` համատեղ քրտնաջան աշխատանքի համար: Համատեղ մենք կարողացանք ապացուցել, որ աշխատանքով ու նվիրվածությամբ կարող ենք շատ բան փոխել:
Այսօր Մամուլի ազատության օրն է: Սրտանց շնորհավորելով մամուլի ներկայացուցիչներին` ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր լրագրողներին` մարզպետարանի աշխատանքներն օբյեկտիվորեն լուսաբանելու և առկա թերությունների մասին բարձրաձայնելու համար: 

Հայաստանի համար նոր օր է բացվում: «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է: Ժողովուդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար:
Հավատում եմ եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը: 

Ես մի քանի օրից կվերադառնամ Երևան` հոգուս և մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող` պարզ մարդու:
Բարին ընդ ձեզ:

Արթուր Խաչատրյան»

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է նաև «Le Figaro», «Liberation», «RFI» ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նա պատասխանել է երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին, ինչպես նաև անդրադարձել Շիրակի մարզի խնդիրներին, իրականացվող ծրագրերին ու ձեռքբերումներին: