Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՈԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ որքանով տեղյակ է անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են, և այսօր իր թեկնածությունը կառաջադրվի:
Հարցին` ի՞նչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ մայիսի 8-ին կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, Փաշինյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլորն էինք շահագրգռված, որպեսզի այս քաղաքական իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում ստանա Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը, որն առկա է բոլոր քաղաքական ուժերի մոտ, կոնկրետ արտահայտում պիտի ստանա»:
Նրա խոսքով` մինչև վարչապետի ընտրության հարցի քննարկումը հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության հետ:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր նախաձեռնած քաղաքական գործընթացում աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ ու դավադրություն չկա, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական:
Հարցին` եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հետո` կառավարության ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանը պատասխանեց, որ դրա համար կան սահմանադրական մեխանիզմներ, և իրենք անպայման կկիրառեն դրանք:
«Կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականապես լուծված չէ, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ մայիսի 8-ին չի կրկնվի այն, ինչ եղավ մայիսի 1-ին վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ, սակայն հավելեց, որ իրենք պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին` արդյո՞ք կփոխի Սահմանադրությունը: «Ես չեմ կարծում, որ Սահմանադրությունն անընդհատ փոխելը լավ պրակտիկա է: Այսինքն` մենք պետք է հասկանանք, թե Սահմանադրությունը մեզ ինչով է խանգարում, և եթե խանգարում է, արձանագրենք դա: Կարծում եմ, որ նման հարցերը ոչ թե վարչապետի և ինչ-որ քաղաքական ուժի մակարդակով պետք է լուծվեն, այլ դրա շուրջ պետք է լինի հանրության և քաղաքական ուժերի լայն ըմբռնում»,- ասաց նա:
Հարցին էլ` արտահերթ ընտրությունների գնալու է «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը կքննարկեն: