Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին: Նա մասնավորապես նշեց, որ Փաշինյանը երեկ իր ելույթում անդրադարձել էր ընտրական գործընթացների կազմակերպմանը, և նրա առաջ քաշած օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու համար նախ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, որի համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:
«Ձեր դիտարկմամբ՝ կունենա՞ք համապատասխան քաղաքական կոնսենսուս և բավարար ձայներ՝ օրենսգիրքը ձեր ցանկալի տարբերակով անցկացնելու համար, եթե` ոչ, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը: Բացի այդ՝ Դուք ասել եք նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն հնարավորինս կարճ ժամկետում՝ վարչապետի ընտրությունից հետո երկու ամսվա ընթացքում: Նշել եք նաև, որ դրա մեխանիզմները քննարկվում են: Կուզեի պարզաբանեք, թե որո՞նք են սահմանադրական այն մեխանիզմները, որ հնարավորություն կտան ընտրություններն իրականացնելու Ձեր նշած ժամկետում»,-հարցրեց Սարդարյանը:
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը երբևէ չի հանդգնի ասել, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություն տեղի ունենա, ինչպես Սարդարյանն ասաց, իր ուզած տարբերակով: Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը եթե լայն ընկալում և ըմբռնում չունենա քաղաքական ուժերի և հանրության շրջանում, կկորցնենք կարևոր մի բան՝ անհնար կլինի կազմակերպել այնպիսի բան, որ մենք ուզում ենք:
«Իսկ մենք ուզում ենք, որ ընտրությունը լինի անառարկելի արդյունքներով, որ բոլորը ճանաչեն՝ ժողովուրդն ու քաղաքական ուժերը: Բացի այդ՝ մեծամասնության հետ կապված հույս ունեմ, որ բոլորդ նկատել եք, որ մեր հռետորաբանության մեջ ատելությունն ընդհանրապես տեղ չունի, մենք անընդհատ խոսում ենք համերաշխության մասին: Ես ուրախ եմ, որ վերջին 6 տարիներին, լինելով ԱԺ պատգամավոր ու բազմաթիվ հակասություններ ունենալով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ, մենք նաև երկխոսության փորձ ենք ունեցել, ինչպես նաև` իրար հետ հարցեր լուծելու, և առնվազն միջազգային հարթակներում կարողացել ենք ընդհանուր դիրքորոշումներ ներկայացնել»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ արդեն հայտարարել և հիմա էլ կրկնում է՝ ավարտվել է այն շրջանը, երբ կառավարությունը որևէ մեծամասնության կամ փոքրամասնության ինչ-որ բան է պարտադրում: Փաշինյանն ընդգծեց, որ երբ խոսում է ինչ-որ ծրագրի մասին, իր համար կարևոր է նպատակը, իսկ նպատակն ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացումն է: «Ես ունեմ իմ պատկերացումն ու մեր թիմը, բայց երկխոսության ընթացքում հնարավոր է դուք այնպիսի գաղափար առաջարկեք, որը շատ ավելի էֆեկտիվ ձևով կապահովի ինչ-որ հարցի լուծումը: Մենք պատրաստվում ենք այդ հարցերը լուծել երկխոսության, քննարկումների միջոցով, որովհետև կարծում եմ՝ բոլորս հասկացել ենք՝ ընտրությունների արդյունքների նենգափոխումը բոլորիս է ճգնաժամի բերում»,- ասաց նա:
Սարդարյանն արձագանքեց՝ ասելով, որ եթե ասենք՝ Փաշինյանն ընտրվում է վարչապետ, Սահմանադրությամբ սահմանված ժամկետում ձևավորվում է կառավարություն, հաստատվում է ծրագիր. ո՞րն է լինելու սահմանադրական ճանապարհը՝ արտահերթ ընտրությունների գնալու:
Փաշինյանը նշեց, որ իրականում մի քանի տարբերակներ կան և դրանցից մեկի ընտրությունը կապված է նաև քննարկումերից: «Մեկն, օրինակ, հետևյալն է՝ կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ: Այդ պայմաններում իրավունքի ուժող լուծարվում է ԱԺ-ն, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես չեմ ասում՝ սա սխալ կամ ճիշտ տարբերակ է, ես ուղղակի մեխանիզմներից մեկն եմ նշում: Ճիշտն ասած` Սահմանադրությունը բավական սահմանափակել է այդ հնարավորությունը, բայց կարծում ենք՝ քննարկումներով կարող ենք գտնել լուծում»,- ասաց նա:
Փաշինյանն իր խոսքն ամփոփեց՝ ասելով, որ ընդունում է՝ այստեղ էլ չպետք է լինի իշխանության կամ կառավարության պարտադրանքի որևէ մեթոդաբանություն: «Ես հավատում եմ, որ, քաղաքական անհրաժեշտություններն արձանագրելով, մենք կարող ենք գալ ընդհանուր հայտարարի»,- ասաց նա: