Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրամիությունը վերստին ընդգծում է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով եւ արագորեն հարթելու հրամայականը՝ շեշտելով՝ դրան պետք է մասնակցեն ներքաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ կողմերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը:
«Ազատության»՝ Բրյուսելում աշխատող թղթակիցը նշել է․ - «Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը այսօր կրկին մերժել է ընդդիմության առաջնորդի հետ հանդիպել, ո՞րն է Բրյուսլեի արձագանքը», ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակն պատասխանել է․ - «Եվրամիության ուղերձը շատ հստակ է՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի արագ, պետք է հանգուցալուծվի խաղաղ, եւ այս համատեքստում ազգային երկխոսությունը՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մնում է վճռական եւ շատ կարեւոր»:
Եվրամիության արտգործնախարարի խոսնակը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ուշադրությամբ հետեւել հայաստանյան զարգացումներին, աջակցում է նախագահ Սարգսյանի սկսած քննարկումներին եւ պատրաստակամ է առաջ տանել Հայաստանի հետ կնքված հավակնոտ համաձայնագիրը՝ երկկողմ հարաբերություններն ու ժողովրդավարությունը ամրապնդելու վերաբերյալ:
Արձագանքելով ռուսական որոշ շրջանակներից հնչող պնդումներին, թե հայաստանյան զարգացումները թելադրված էին արեւմուտքից՝ Կոսիյանչիցը պնդել է՝ Բրյուսելը առաջին իսկ օրից բավական թափանցիկ ու բաց է եղել իր հայտարարություններում եւ դիրքորոշումներում. այն ինչ կատարվում է այժմ Հայաստանում, արտացոլում է այդ երկրի քաղաքացիների տեսակետը:
«Հայաստանցիները պարզորոշ արտահայտեցին իրենց դիրքորոշումը, եւ այժմ իրադրությունը պետք է հանգուցալուծվի Հայաստանի քաղաքացիների շահերին համապատասխան եւ նրանց աջակցությամբ: Այս համատեքստում խիստ կարեւոր է, որ քաղաքական ուժերի ազգային երկխոսությունը արդյունքներ տա եւ լուծի ստեղծված իրավիճակը», - նշել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը: